Վայոց Ձորի մարզպետը պարզաբանում է. ՀԷԿ չի կառուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, Վայոց ձորի Ազատեկ գյուղի ջրի  խողովակները ՀԷԿ կառուցելու նպատակով պետք է տեղափոխվեն: Դա առաջացրել էր ազատեկցիների  դժգոհությունն ու վրդովմունքը:

Քանի որ երեկ Վայոց ձորի փոխմարզպետը կցկտուր  տեղեկություններ մեզ հայտնեց,  այսօր փորձեցինք  պարզաբանում ստանալ  գործողումից վերադարձած Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից: Վերջինս մեզ  հետ զրույցում ասաց, որ իր ունեցած տեղեկություններով` խողովակները ՀԷԿ-ի կառուցման համար չեն օգտագործում, խողովակները տնօրինում է  տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության  պետական կոմիտեն: Կա կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հանձնարարականը, որ այդ խողովակներն օգտագործվեն այլ ջրօգտագործողների ընկերություններում ոռոգման  ջրատար կառուցելու համար:

Մարզպետի  տեղեկացմամբ,  խողովակաշարն ամբողջությամբ չի օգտագործվելու. խողովակաշարի մի մասն է օգտագործվում ոռոգման ջրատար կառուցելու  համար:

Ինչ վերաբերում է  գյուղացիների այն մտավախությանը, թե խողովակներն իրենց գյուղին անհրաժեշտ  են, քանի որ  վթարի դեպքում  դրանք կարելի  է օգտագործել, Էդգար Ղազարյանի պարզաբանեց, որ  այդ խողովակաշարն այս պահի դրությամբ չի  օգտագործվում. «ԽՍՀՄ-ի տարիներին խողովակաշարի միջոցով  ջուրը  պոմպերով  Արփա գետից  մղել են Ազատեկ, բայց հետագայում կառուցվել է  ինքնահոս ոռոգման ջրագիծ, իսկ խողովակաշարը չի օգտագործվել»:

Պաշտոնյայի պարզաբանմամբ խողովակների մի մասը կմնա գյուղում և, եթե հետագայում կարիք լինի նոր ոռոգման համակարգ անցկացնելու,  դա կօգտագործվի:

Անդրադառնալով այն պնդումներին, թե  առայսօր որևէ փաստաթուղթ ցույց չի տրվել  գյուղացիներին` հաստատելու, որ  այդ որոշումը կայացրել է պետական կառույցը, Էդգար Ղազարյանն ասաց, որ համայնքի ղեկավարին խնդրել  է  ջրօգտագործողների միությունից  վերցնել  համապատասխան փաստաթղթերը` համայնքի բնակիչներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու համար:

Սոնա Դավթյան




Լրահոս