«ՊԵՏՔ Է ՀԱՐՍՆԱՑՈՒ ԳՏՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ երգիչ ԱՐՄՈՅԻՆ խնդրեցինք մի քանի կենսագրական տեղեկություն հաղորդել իր մասին, նա հումորով պատասխանեց մեր հարցին`ասելով, որ ինչպես բոլորը, այնպես էլ ինքը ծնվել, մեծացել է, անգամ ուսում է ստացել միջնակարգ դպրոցում, դրան համատեղ սովորել է նաեւ երաժշտական դպրոցում` ակորդեոնի բաժնում, այնուհետեւ մի քանի տարի դասական վոկալի մասնավոր պարապմունքների է հաճախել: Իսկ 18 տարին լրանալուն պես հայրն ուղարկել է զինծառայության: Երգչի խոսքերով, երբ ավարտվեց այդ «հաճելի» 2 տարին, ինքը վերադարձավ ու սկսեց զբաղվել երգով, կողքից էլ նաեւ բիզնեսով: Իսկ ավելի լուրջ երաժշտական քայլերը, այսինքն եթերում հայտնվելը,  սկսել է 2008 թվականից:
-Հնարավոր է, որ սխալվում եմ, բայց որքանով գիտեմ, մասնագիտությամբ իրավագետ եք: Գոնե մի օր աշխատե՞լ եք Ձեր մասնագիտությամբ:
-Դուք չեք սխալվում, իսկապես իրավագետ եմ, բայց երբեք այդ ոլորտում չեմ աշխատել, չնայած շատ եմ ուզել: Չի բացառվում, որ մի օր կզբաղվեմ տվյալ մասնագիտությամբ:
-Լուրջ մասնագիտություն ունեք: Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք երգել:
-Երեւի ավելի ճիշտ կլիներ ասել` իսկ ինչո՞ւ ձեռք բերեցիր իրավագետի մասնագիտությունը (ծիծաղում է-Ե.Ռ.): Իրականում, երգել սկսել եմ դեռ մանկապարտեզից, անգամ հիշում եմ` ինչ երգեր եմ երգել` «Առաջին սիրո երգը», «Զուր փնտրեց»… Երգն ավելի լուրջ մասնագիտություն է, քան շատ-շատերը կարող են պատկերացնել:  
-Սկսեցիք մեղեդային երգերով, որոնք, ի դեպ, վատ չէին ստացվում, մեկ էլ Ձեր ոճը կտրուկ փոխվեց: Ավելի ռիթմիկ, նույնիսկ 6/8 երգեր եք հիմա կատարում: Ինչպե՞ս հասկանանք:
-Շատ պարզ, անհասկանալի բան չկա` ամեն ինչ ըստ տրամադրության: Դե հետո էլ այն ժամանակ սիրահարված էի, երգերն էլ համահունչ էին հոգուս: Չե՞ք կարծում, որ անհետաքրքիր կլինի, եթե միշտ մեղեդային երգեր երգեմ: Մեր ազգին ուրախություն է պետք: Դա չի նշանակում, որ ես հրաժարվել եմ մելոդիկ երգեր կատարելուց, շուտով անպայման դրանք էլ կլինեն: Դրանցից մեկն էլ անպայման կունենա տեսահոլովակ:  
-Փաստորեն, կոմերցիան Ձեզ ավելի՞ գրավեց:
-Ոչ այդքան, քանի որ մինչ 2008 թվականը ես աշխատում էի ու բավականին շատ գումար վաստակում, մինչ այսօր էլ այդպես է: Իսկ երգով զբաղվելն առաջին հերթին իմ սիրած աշխատանքն է, չնայած չեմ հերքում, որ կա նաեւ կոմերցիա: Բայց երգից վաստակած գումարը կրկին ներդնում եմ նոր երգի, տեսահոլովակի ու գործիքավորման վրա:
-Հիմա ո՞րն է իսկական Արմոն, նա, որ տխուր, սիրային երգե՞ր էր երգում, թե՞ այս մեկը:
-Ե’ւ այն, ե’ւ այս: Մարդ հո ամեն օր նույն տրամադրությամբ չի՞ արթնանում: Իսկ եթե կա այդպիսի մարդ, ուրեմն նա հաստատ մի պրոբլեմ կունենա (ծիծաղում է-Ե.Ռ.): Իրականում ես չեմ փոխվել, պարզապես երգերս են նոր ու այլ ռիթմերի մեջ:
-Դուք ոչ միայն կատարող եք, այլեւ երգերի հեղինակ: Շարունակո՞ւմ եք ստեղծագործել:
-Հաճախ են ծնվում հետաքրքիր երգեր: Վերջին երգերս էլ ես եմ գրել: Նոր ալբոմիս մեջ էլ երգերի մեծամասնությունը հիմնականում իմ հեղինակայինն են: Կան նաեւ մի քանի երգեր, որ գրել եմ հայտնի այլ կատարողների համար:
-Որոշ ժամանակ կարծես աշխատանքային դադարի մեջ էիք, ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Հա’, հիշում եմ, լավ օրեր էին: Պարզապես հանգստանում էի ու հիմնականում տանը: Ինձ դադար էր պետք թե’ հոգեպես, թե’ ֆիզիկապես:
-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ակումբը լճացում է կատարողի համար: Հիմա աշխատո՞ւմ եք որեւէ ռեստորանում կամ ակումբում:
-Հա’, ասել եմ ու էդ տենց ա: Հիմա ես տարբեր տեղեր գնում երգում եմ, դե որտեղից որ հրավեր լինում է:  
-Ձեր ձայնը շատ են նմանեցնում Արամեի ձայնին: Երաժշտական լավ լսողություն չունեցող մարդկանց թվում է, թե Արամեն է երգում: Լսե՞լ եք նմանատիպ խոսակցություններ:
-Լսել եմ ու շատ, բայց մի 2 տարի առաջ էին այդպես ասում: Հիմա մեր ձայները շատ տարբեր են, արդեն լավ էլ տարբերում են: Ինձ դա ասել են հենց այն նույն մարդիկ, որ ժամանակին խառնում էին:
-Երգում եք` «Լավն ա, իմ քաղաքը շատ լավն ա, իմ ու քո Երեւանն ա` հայրենի տունը ողջ հայության», իսկապե՞ս այդպես եք մտածում: Ձեզ, Երեւանից բացի, այլ քաղաքում չե՞ք պատկերացնում: Եթե լավ առաջարկ ունենաք, չե՞ք գնա:
-Եթե գրում եմ, ուրեմն այդպես եմ զգում: Հիմնական ապրելու չէի գնա, բայց ժամանակավոր կարելի է ապրել կամ աշխատել մի ինչ-որ հետաքրքիր երկրում:
-Որտե՞ղ:
-Անգլիա, Ֆրանսիա, չնայած Աֆրիկան էլ վատ տարբերակ չէ (ծիծաղում է-Ե.Ռ.):
-Երգից բացի, ունե՞ք այլ բիզնես:
-Անպայման: Բայց շատ չեմ խոսի դրա մասին, կասեմ, որ դա ընտանեկան բիզնես է:
-Երգում եք` «Հարսանիք է լինելու», բայց որքանով տեղեկացված ենք, ինքներդ դեռ ամուսնացած չեք, ե՞րբ է լինելու Ձեր հարսանիքը:
-Ահա, այս հարցին էլ հասանք: Երբ լինի, դուք էլ կիմանաք: Բայց մինչ այդ պետք է հարսնացու գտնել, որը դեռ չկա:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս