Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ կոալիցիոն բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից պահանջել է Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում չառաջադրել գործող պատգամավոր Ռուստամ Գասպարյանի թեկնածությունը, և սա դեռ քիչ է` Գասպարյանին տեղ չտալ ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում: Այս կապակցությամբ Սարգսյանին տված Ծառուկյանի պատասխանի վերաբերյալ տարբեր վարկածներ են հնչում: Երեկ, երբ սույն տեղեկությունների կապակցությամբ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Ռուստամ Գասպարյանից, նա ասել է. “”Ծառուկյանը ինձ նման բան չի ասի, ես նրան վստահում եմ: Եթե իմանայի` Ծառուկյանը, ինչ-որ շահերից ելնելով, իր ընկերներին հանկարծ կզոհաբերի, ես հաստատ նրա հետ դուրս չէի գա: Եթե Նահապետ Գևորգյանը կառաջադրվի այդ տարածքում, ուրեմն` միանշանակ ես այդ ընտրատարածքում թեկնածու եմ: Իմ խնդիրը նման մարդակերների, տզրուկների դեմ է, որոնք այսօր ժողովրդի արյունն են խմում, ընդամենը մտածելով իրենց փորի ու վզի հաստության մասին: Եթե Նովոն չառաջադրվի, հնարավոր է, այդ ժամանակ արդեն պարոն Ծառուկյանը ինձ ոնց ասի, այդպես էլ կանեմ: Իմ խնդիրը անձի դեմ է””»,- ասել է Գասպարյանը: Թերթի աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանը Գասպարյանին չի կարողանում ներել` 2008 թվականի փետրվարին Ազատության հրապարակի ժողովրդին միանալու համար: Ինչպես նշել է թերթը, Սարգսյանը որոշել է նման քայլի դիմած պատգամավորներին թույլ չտալ մտնել Աժ: Այդ ցանկից առայժմ միայն Սեյրան Սարոյանն է, որ կարծես ՀՀԿ-ի աջակցությունը ստանալու է, և Հրանտ Գրիգորյանը, որը շատ արագ հայտարարեց, թե ինքը կապ չունի այդ ցուցակի հետ: Պատգամավորների հայտարարությունը Ազատության հրապարակում ընթերցած Մանվել Ղազարյանը, հիշեցնում է թերթը, արդեն իսկ հայտարարել է, որ մեծամասնական ընտրատարածքում չի առաջադրվելու: Սա այն դեպքում, երբ Վեդիի ընտրատարածքում նրա շանսերը շատ բարձր են գնահատվում:
Հայկական ժամանակ. Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից պահանջել է Արմավիրում չառաջադրել Ռուստամ Գասպարյանի թեկնածությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ