Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ազատամարտիկ, գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:
Նիստից առաջ դատական կարգադրիչներն արգելում էին Վոլոդյա Ավետիսյանի հարազատներին և համախոհներին մտնել դատարան և մասնակցել նիստին:
Կարգադրիչների պատճառաբանմամբ` մուտքը միայն անձնագրերով էր:
Սակայն, ի վերջո ազատամարտիկի ընկերներին հաջողվեց ներս մտնել և մասնակցել նիստին, ինչի ժամանակ նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը նշեց, որ մեղադրյալ Վոլոդյա Ավետիսյանի հարազատներին արգելվել էր մտնել նիստերի դահլիճ, քանի որ նրանք խոչընդոտում են նիստի բնականոն ընթացքը:
Տեղեկացնենք, որ նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 23-ին:
Armlur.am-ի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Սարուխանյանը համոզմունք հայտնեց, որ նախագահողը սադրեց, երբ ասաց, թե իրենք խանգարում են նիստի բնականոն ընթացքը:
«Երբ որ դատախազը կմկմալով ինչ -որ բան ասաց, չէր կարում կարդար անգամ էն արձանագրությունը, որ ինքը պիտի անգիր արած լիներ, դահլիճից մեկը քմծիծաղ տվեց, ու դատավորն ասեց` ով ա խանգարում նիստին: Բայց փաստացի խանգարող չկար: Ազատամարտիկներին վիրավորեց, թե մտել կնկա փեշի տակ եք թաքնվում: Ազատամարտիկներն էլ էտ բառը չհանդուրժեցին ու ասեցին, որ կռվի ժամանակ ինքն ա պախկվել, իսկ մենք պախկվողներ չենք»,- ասաց Սարուխանյանը` նշելով, որ դատավորի հարցադրումն ակնհայտ սադրանք է, մանավանդ այն դեպքում, երբ գիտակցում է, որ նման արտահայտությունը կարող է զայրացնել ազատամարտիկներին:
Դատաքննությունից Գագիկ Սարուխանյանն ու նրա համախոհներն ակնկալիքներ չունեն, քանի որ, նրա համոզմամբ, իրենք օրինապահ երկրում չեն ապրում:
«Էն, որ պայուսակներն էին ստուգում, եսիմ` ինչեր, ձևականություններ էին: Իրանք էլ զարմացան, որ բոլորի պայուսակներում կամ գրպաններում միայն 300 դրամ էր, ուրիշ ոչինչ: Սա էր ամենաուշագրավ արդյունքը»,- ասաց Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով: Մեղադրական եզրակացության համաձայն`Ավետիսյանը 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։
Տաթև Հարությունյան