Հերթական խոշոր վթարը Նորագավիթում. պատճառը մերկասառույցն է, կան վիրավորներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում՝ 2-րդ փակուղու դիմաց, հսկայական մերկասառույցի պատճառով իրար են բախվել Մերսեդես E-260 մակնիշի 16 ԼՍ 386 համարանիշի և ՎԱԶ 2106  մակնիշի 64 ԼԼ 714 համարանիշի ավտոմեքենաները։Վթարի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարար ջոկատը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ՎԱԶ 2106ե մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ում շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև 1 անձ։ Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել և առաջացել է հսկայական խցանում։Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ եթե քաղաքային և տեղական իշխանությունները ժամանակին ձնահեռացման աշխատանքներ կատարեին, ապա չէր առաջանա մերկասառույցը և տեղի չէր ունենա հերթական վթարը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ միայն մեկ շաբաթվա ընթացքում այս հատվածում մերկասառույցի պատճառով տեղի է ունեցել 6 ճանապարհատրանսպորտային պատահար, որտեղ նաև եղել են վիրավորներ։




Լրահոս