ՈՐՏԵ՞Ղ Է ՏԵՍԵԼ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ անձամբ է հետեւել փետրվարի 12-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը եւ այնտեղ «իրական քաղաքական մըրցակցություն տեսել»: «Այնտեղ բուռն պայքար էր ծավալվել: Կային երկու ուժեղ թեկնածուներ: Ինձ համար իսկապես հետաքրքիր էր իրական քաղաքական մըրցակցություն տեսնել, ինչը, իմ կարծիքով, շատ կարեւոր է նաեւ առաջիկա ընտրությունների համար»,-ասել է դեսպանը:
ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ
Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը, հնարավոր է, մեծամասնական ընտրակարգով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Aravot.am-ին Սիրունյանն ասել է, որ այդ քայլը կանի մեկ պայմանի առկայության պարագայում` չնշելով, սակայն, թե որ պայմանի մասին է խոսքը: Հիշեցնենք, որ Սիրունյանը ժամանակին Վանո Սիրադեղյանի թիկնազորն էր ղեկավարում:
ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՂՔՆ Է
Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի կարծիքով` Վալենտինի տոնը Սուրբ Սարգսի տոնի նմանակում է եւ ընդամենը նվերները լավ վաճառելու միջոց: «Այն, որ Վալենտինը երիտասարդների մեջ ավելի ընդունված է, քան Սրբ. Սարգիսը, մեր եկեղեցին է մեղավոր, քանի որ չի մտածում Սուրբ Սարգսի տոնն ավելի լավ կազմակերպելու եւ երիտասարդներին տոնի վերաբերյալ տեղեկություններ տալու մասին»:
ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
2011 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի` գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով` մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը:
ՄԻ՛ ՍՏՈՐԱԳՐԵՔ
Փետրվարի 14-ին` ժամը 13:00-14:00-ը, բնապահպան-ակտիվիստները Մաշտոցի պողոտային հարող այգուց («Մալիբու» սրճարանի հետնամաս) երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր` Սերժ Սարգսյանին հանձնելու փետրվարի 6-ին Ազգային Ժողովում ընդունված «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության» մասին օրինագիծը չստորագրելու եւ կրկին հետ վերադարձնելու մասին պահանջը: Բնապահպանները հայտարարել են, որ իրենց պահանջները չկատարելու պարագայում կհանգեն հետեւության, որ «Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ՀՀ նախագահի նստավայրից»: