ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳՆ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որով խստորեն դատապարտում է վերջին օրերին Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ են դարձել։ «Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է»,- ասված է հայտարարությունում:

ՀԱՄԱՄԻՏ Է 1-ԻՆ ՄԱՍԻՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակման մեջ իր հասցեին հնչած քննադատությանը, ասաց. «Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ մամուլին, եթե անհրաժեշտություն լինի, կարձագանքեմ»: Լրագրողներից մեկի հարցին, թե՝ ըստ առաջին նախագահի՝ դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի եւ ընտրակեղծարարության, դրա համար էլ նշանակվել եք ՀՀ վարչապետ, Հ. Աբրահամյանը արձագանքեց. «Առաջին մասով համաձայն եմ, բայց երկրորդ մասով չարաչար սխալվում է»:

ՏԵՂԵԿԱՑՎԵԼ Է

Երեկ՝ հունիսի 5-ին, Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողների սպանության միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը հրավիրվել է Պաշտպանության նախարարություն:

ՑԻՆԻԶՄ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Երեկ, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին՝ ասաց. «Մաղձոտ, նենգությամբ լի հոդվածները ես չեմ մեկնաբանում, իսկ նման հոդվածի կողքին դրել են լայն ժպտացող մեկին, ես դա չեմ մեկնաբանում: Ես նման ցինիզմը չեմ մեկնաբանում»: Անդրադառնալով սահմանին տեղի ունեցած դեպքերին, Շարմազանովն ասաց. «Այս քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը եւ դա ցույց է տալիս, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ամեն դեպքում մենք գործ ունենք մի պետության հետ, որտեղ հայատյացություն է քարոզվում»։

ԵՐԿՐԻՑ ՏԱՆՈՒՄ ԵՆ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա արդյունքներով մեր երկրի արտահանման հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի: Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են 74,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 19.5%-ով: Նշենք, որ 2013 թվականին մեր երկրից արտահանվել էին 188,06 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր:

 




Լրահոս