ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՊԱՐՏԱԴԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները հրապարակել են այն կազմակերպությունների ցանկը, որոնք իրենց աշխատողներին չեն արգելում գրել կուտակային ֆոնդերին գանձումներ չանելու մասին դիմումներ: Ավելի ուշ նախաձեռնության կողմից հրապարակվեց նաեւ այն կազմակերպությունների՝ դեռեւս ոչ ամբողջական ցանկը, որոնք իրենց աշխատողներին հոգեբանական ճնշումների, սպառնալիքների տակ են պահում, որպեսզի նրանք դիմումներ չգրեն եւ չհրաժարվեն պարտադիր կուտակային պահումներից:

Հիշեցնենք, որ ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ընդունված ՀՀ օրենքի՝ գործատուները չպետք է կենսաթոշակային պարտադիր պահում կամ փոխանցում կատարեն այն աշխատակիցների համար, ովքեր համակարգին մասնակցելուց հրաժարվելու դիմում են ներկայացրել:
Բայց վերջին շրջանում լուրեր պտտվեցին այն մասին, որ դիմումներ գրող աշխատակիցների վրա գործատուները հոգեբանական ճնշում են գործադրում կամ սպառնում են աշխատանքից հեռացնել, ինչի արդյունքում նրանք հրաժարվում են այն գրել:
Եվ այսպես, «Դեմ եմ»-ի՝ երեկ հրապարակած ցանկում բարեխիղճ գործատուների թվում են Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Վանաձորի թիվ 7 դպրոցը, Երեւանի 182, 27 եւ 50 դպրոցները, Երեւանի պետական համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանը, «Հայփոստ» ՓԲԸ-ն եւ այլն:
Իսկ ավելի ուշ «Դեմ եմ»-ը հրապարակեց նաեւ ցանկը՝ որտեղ տեղ են գտել ՀՀ կառավարությունը, ՀՀ բոլոր նախարարություններն ու դրանց ենթակայության տակ գտնվող ՓԲԸ-ներն եւ ՊՈԱԿ-ները, ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի ՊԿ-ն, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն, Երեւան ՋԷԿ-ը, «Գրանդ Տոբակո»-ն, Նորք Մարաշ բժշկական կենտրոնը, Երեւանի թիվ 6, 12, 17, 18, 30, 38, 50, 69, 74, 75, 79, 86, 97, 98, 114, 115, 138, 139, 144, 150, 160, 161, 171, 172, 180, 197 դպրոցները, Տավուշի մարզի Բերդի եւ Նորաշենի դպրոցները, Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներն ու ուսումնական հաստատությունները, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի եւ Զովքի դպրոցները, Զառի (Ժ. Սարգսյանի անվան) եւ Աբովյան քաղաքի բոլոր դպրոցները, Չայկովսկու անվան դպրոցը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հերացու անվան բժշկական համալսարանը, Թիվ 8 եւ 9 պոլիկլինիկաները:
«Ժողովուրդ»-ը զրուցեց անբարեխիղճ գործատուների ցանկում տեղ գտած Կոտայքի մարզի Զառ համայնքի՝ Ժորա Սարգսյանի անվան դպրոցի տնօրեն Գայանե Դանիելյանի հետ, ով ասաց. «Նման բան չկա: Ես ոչ մի աշխատողի չեմ արգելել դիմում չգրել: Ճիշտ է, դիմումներ չեն եղել, որ ես մակագրեմ, բայց ոչ մի պարտադրանք չի եղել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս