ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱՅՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տարօրինակ աշխատելաոճ է ձեւավորել: Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բոլորը «շվարած» են նրա պահվածքից: Բանն այն է, որ բոլոր այն ՀՀԿ-ականներին, ովքեր շնորհավորում են Հ. Թովմասյանին նոր պաշտոնի համար, վերջինս հայտարարել է, որ պաշտոնն իր սրտով չէ ու ինքը ստիպված է զբաղեցնում այն: Մեր տեղեկություններով՝ Հ. Թովմասյանն ասել է, որ ինքը զբաղվելու է միայն իրավական վարչության՝ նախագծերի փորձաքննության աշխատանքներով, իսկ մյուս վարչություններով կզբաղվեն իր տեղակալները: Առավել ակտիվ կաշխատեն Գագիկ Մխեյանը եւ Էրիկ Մինասյանը: Սա նշանակում է, որ գործերի կառավարչությունը, արտաքին կապերի վարչությունը, տնտեսագիտական վարչությունը, տեղեկատվական վարչությունը, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը Հ. Թովմասյանին չեն հետաքրքրում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Հ. Թովմասյանի հետ, սակայն նրա օգնականն ասաց, որ նա շատ զբաղված է ու խոստացավ զանգահարել, բայց մինչեւ օրվա վերջ այդպես էլ խոստումը չկատարեց:

ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՆԵՆ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հունիսի 23-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ է լինելու: Նիստի հիմնական հարցը լինելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերանայման հարցը: Որոշվել է չսպասել մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելու համար, ՀՀԿ-ականները ցանկանում են օր առաջ այն քննարկել ու լուծում առաջարկել: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու: Հիմա կառավարությունը ձեռնամուխ է եղել շտկել սխալները:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր «Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր հավաքվելու են «Արցախբանկ»-ի մոտ: Նրանք մտադիր են բնակարանների գումարի հետ վերադարձման պայմանագիր ստորագրել: Տեղեկացնենք, որ տուժած քաղաքացիների մեծ մասը պահանջում է գումարը: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ից ժամանել էր «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ «Ավի» ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը, ով էլ բնակիչների հետ կայացած հանդիպմանը խոստացել էր, որ այս հարցին լուծում կտրվի: Տուժած քաղաքացիների խոսքով՝ Կապրիելյանը մտադիր է շենքը հանել գրավադրումից, ինչի արդյունքում գործը նորից կմտնի դատարան:




Լրահոս