«Ես ճանաչում եմ պարոն Թունյանին, գիտեմ նրա կարողությունները, նա քաղաքականացված չէ, եթե անձը քաղաքականացված է լինում, նա ելեւէջներով է կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին»:
Գալուստ Սահակյան Tert.am
Այն, որ ԱԺ նախագահը ճանաչում է Դավիթ Հարությունյանի կադրին՝ ՍԴ անդամ ընտրված Արայիկ Թունյանին, դեռ չի նշանակում, որ վերջինս քաղաքականացված չէ, հատկապես որ նրան ճանաչողն ու այդ մասին ասողն էլ ոչ ավել ոչ պակաս Գալուստ Սահակյանն է, ով նաեւ լրագրողներին հիշեցրել է, որ հենց ինքն է առաջադրել Թունյանին: Ի դեպ, Գալուստ Սահակյանը տերմինաբանության առումով անկրկնելի նորարար է, նրա մտքի թռիչքին են պատկանում՝ է՛լ տոնայնությամբ քվեարկել, է՛լ ելեւէջներով պատասխանելու բազում այլ յուրահատուկ արտահայտություններ:
«Դրանք օգնում են հակակշիռների արդյունավետ համակարգ ստեղծել, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության հաջող գործունեության համար»:
Ռուբեն Հակոբյան News.am
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատի ունի ընդդիմության վերաբերյալ օրինագիծը, որը պատրաստվում է ներկայացնել «հրաշալի քառյակ»-ը: Իսկապես որ մեր երկրում ընդդիմության գործառույթների վերաբերյալ պատկերացումներն այլ են, նաեւ տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմադիրները պարզապես պարապ են մնացել եւ իրենք իրենց մասին օրինագծեր են ներկայացնում: Ինչ է, ավելի կարեւոր խնդիրներ չկա՞ն երկրում, կամ մի՞թե ընդդիմադիրները չգիտեն, որ ժողովրդին, որի անունից իրենք խոսում են, վաղուց չի հետաքրքրում ոչ մի համակարգ, այդ թվում եւ հակակշիռների:
«Ես հիմա չեմ հիշում՝ փոքր ժամանակ «Դոլյա վորովսկայա»-ն երգե՞լ եմ, թե՞ չէ, բայց գողերի հետ կապը՝ նրանց համար երգելը միանշանակ չեմ հիշում, քանի որ նման բան չկա: Ասողը անբարոյականի զավակ է…»:
Ալիկ Սարգսյան 168.am
Նախկին ոստիկանապետի՝ այս խոսքի հատկապես վերջին մասը իսկապես որ ավելի համապատասխանում է «Դոլյա վորովսկայա» երգողին, քան թե պետական պաշտոն զբաղեցրածին, այն էլ՝ ոստիկանապետի պաշտոն: Իսկ այն մասին, որ Ալիկ Սարգսյանն իրոք երգել է «Դոլյա վորովսկայա»-ն, կան նույնիսկ տեսանյութեր, որտեղ նրա երգելը հստակ երեւում է: Սեփական անցյալից խուսափելը լավ բան չէ՝ որքան էլ այդ անցյալը տհաճ լինի, հատկապես երկրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած մարդու համար, ում արտահայտություններն իր պաշտոնավարման շրջանում, մեկ անգամ չէ, որ խախտել է մարդկանց անմեղության կանխավարկածը:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ