«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հունիսի 6-ի գիշերը Երևան քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդին՝ Սամվել Քոթանջյանը, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Հարուցվել էր քրեական գործ, Սամվել Քոթանջյանին կալանավորել էին:
Հունիսի 12-ին՝ (ժամը 12:10-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանը, ըստ ոստիկանության հաղորդագրության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Դրանից հետո Հայկ Կյուրեղյանր իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից, կրկնում ենք՝ օդամղիչ ատրճանակից, կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ, որոնցից հինգը վնասվածքներ էին ստացել, նշվել էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Այսքանով այս երկու միջադեպերի միջև որոշակի նմանությունն ավարտվում է: Հայաստանյան իրականության մեջ դրանք բոլորովին այլ ընթացք պիտի ստանային:
Բնականաբար, Սամվել Քոթանջյանին երաշխավորությամբ ազատ են արձակել: Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Գագիկ Մելիքյանը երաշխավորագիր են ներկայացրել, որից քաղաքապետի խորհրդականի որդին մինչև նախաքննության փուլի ավարտը ազատ է արձակվել: Ստորագրությամբ ազատ են արձակվել նաև միջադեպի մյուս մասնակիցները:
Իսկ ահա Տիգրան Կյուրեղյանի բախտը չբերեց: Նա որևէ պաշտոնյայի բարեկամ չէ, խորհրդարանում «ախպերությունից» զրկված է, հետևաբար, երեկ նույն ոստիկանությունը հաղորդել է, որ Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է՝ հունիսի 12-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում տեղի ունեցած միջադեպի համար:
Մենք չենք ասում, որ Կյուրեղյանը անմեղ է կամ նրան անհապաղ պետք է ազատ արձակել, մենք պարզապես արձանագրում ենք, թե օրենքը ինչպես է գործում Հայաստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։