ԵԽԽՎ համազեկուցողներին հետաքրքրել է ՀՀ-ում նույնասեռականների խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ այսօր խորհրդարանում հանդիպումներ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:  Հանդիպման ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները խոսել են տարածաշրջանային խնդիրների,  ինչպես նաև՝ ԼՂ հիմնախնդրի մասին: Նշելով այս մասին` Մհեր Շահգելդյանը հավելեց.

«Մենք շեշտը դրեցինք այն բանի վրա, որ ԼՂՀ հարցում ռազմական ուժի կիրառման էսկալացիա է գնում, գնալով ավելի ու ավելի հաճախ են դառնում դիպուկահարների կրակոցները, նաև՝ դիվերսիոն գործողությունները, որի արդյունքում զոհվում են զինվորներ, և այս տեսանկյունից միջազգային հանրության համապատասխան արձագանք ենք ակնկալում»,-նշեց նա։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ հստակ երևում էր, որ համազեկուցողները կարևորում են սահմանադրական բարեփոխումների հարցը։ Հակոբյանի կարիքով՝ այս հարցում համազեկուցողներն անկեղծորեն հավատում են, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են:

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի` համազեկուցողներին հետաքրքրել են նաև ՀՀ-ում նույնասեռականների խնդիրները: «Միասեռականների հարցը նուրբ թեմա է, եթե լուրջ ձևակերպել, ապա պետք է հաշվի առնել, որ այդ ստանդարտներից դուրս գալով՝ միաժամանակ պետք է հասկանալ, որ արժեքային համակարգը չի պարտադրվում։ Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր պետության մենթալիտետը, հոգեկերտվածքը, դա չպետք է դառնա արհեստական ու պարտադրված»,- եզրափակեց նա։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ համազեկուցողները հետաքրքրվել են նաև «քառյակի» գործունեությունից, բայց հիմնական շեշտադրումը կատարվել է Սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ։ «Քառյակին» վերաբերող հարցի մասին նշել են, որ այն շատ ակտիվ համագործակցող ուժ է և շարունակելու է համագործակցել։




Լրահոս