Պարզվում է, որ Հայաստանում կան այնպիսի կանայք, որոնք ամուսինների շնորհիվ ազատված են առեւտուր անելու ծանր պարտականությունից: Դերասանուհի ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆԸ հենց այդ կանանցից է, ով բացարձակապես առեւտուր չի անում, փոխարենը ցուցակ է կազմում ու տալիս ամուսնուն` Տիգրան Ներսիսյանին:
-Վերջին 17 տարիների ընթացքում ես առեւտրից տեղյակ չեմ: Մինչ այդ էլ, երբ անում էի, կրկին Տիգրանի հետ ենք գնացել խանութ կամ շուկա:
-Ենթադրում եմ, որ Տիգրանը ցուցակով է գնում առեւտրի:
-Անպայման: Մեծ, երկար, բովանադակալից ցուցակ եմ կազմում տարբերակներով` եթե չկա սա, ուրեմն կգնես այս մեկը, եթե թարմ չէ նա, ուրեմն փոխարինի այ այս մեկով: Մեծ աղջիկս նույնիսկ կատակում է, ասում է` այդ ցուցակի մեջ գրի «Մերսեդես» մակնիշի մեքենա, կահույք կամ այլ բան, մեկ ա պապան բերելու է: Շատ մանրամասն ցուցակ է, իսկ վերջում միշտ գրում եմ` քաղցր բան:
-Այդքանից հետո խանութից զանգ չի՞ հնչում:
-Ցուցակի մեջ նույնիսկ գրվում է. «Եթե երկմտում ես, զանգ ընկերոջը»: Ընկերն էլ ես եմ:
-Գո՞հ եք մնում Տիգրանի կատարած առեւտրից:
-Վերջին շրջանում բացարձակ ամեն բանից գոհ եմ: Ինչ-որ մի շրջան որոշ մթերքներ բարդ էր առնում, օրինակ` կանաչին եւ դոլմայի կաղամբը: Հիմա ամեն ինչ ընկել է իր տեղը: Առեւտուր է անում պրոֆեսիոնալ մակարդակով:
-Գիտե՞ք` սննդի մի զամբյուղի համար որքան է վճարում:
-Երբեմն, երբ միասին ենք մտնում, ես տեսնում եմ, թե կասայում ինչքան է վճարում, բայց քիչ եմ դրանով հետաքրքրվում: Մի սննդի զամբյուղը, այն էլ ոչ շատ շքեղ, երեւի կկազմի 10-15 հազար դրամ: Գիտեմ միայն, որ պետական բյուջեով հիմնարկում աշխատող մարդը երեւի 2 անգամ մտնի սուպերմարկետ:
-Թանկացումները նկատե՞լ եք:
-Չնայած հազվադեպ եմ գնում, այնուամենայնիվ, նկատել եմ, ու իմ արձագանքը միշտ շատ բուռն է լինում: Տիգրանն էլ ամեն անգամ ասում է` վաղուց է այդպես, հանգստացի՛: Վերջին շրջանում կարագի գինն ինձ զարմացրեց, պանրի գնի մասին էլ երկար ժամանակ չգիտեի, հեռուստատեսությունից իմացա: Հացի մասին էլ չեմ խոսում, հացը հաց չի, քաշ չունի: Հիմա կյանքը շատ թանկացել է: Իսկ կա՞ մեկն այս հանրապետությունում, ով այդ կարծիքին չէ:
-Դերասանի աշխատավարձով կարողանո՞ւմ եք որեւէ շռայլություն թույլ տալ ձեզ:
-Մենք պետական թատրոնում աշխատող մարդիկ ենք, եւ մեր աշխատավարձն էլ այնքան է, ինչպես ցանկացած դերասանինը: Վաստակավոր երկու արտիստ ենք մենք, բայց…
Չնայած դերասանը երբեք որեւէ ժամանակում շքեղ չի ապրել, դա հայտնի բան է: Տիգրանի հայրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է եղել, բայց նա էլ մեծ գումարներ չի վաստակել: Այս ամենը նախկին Սովետի եւ մեր երկրի մասին է, գուցե աշխարհում կան երկրներ, որտեղ ամենահարուստ մարդկանց թվին են պատկանում ե՛ւ դերասանները, ե՛ւ իրավաբանները, ե՛ւ բժիշկները:
-Գիտեի՞ք, որ այսօր տեղամասային մանկաբույժի աշխատավարձն ընդամենը 50.000 դրամ է կազմում:
-Դա արդեն վիրավորական չէ, այլ ծիծաղելի: Դա անհնար է, չի կարող մարդն էդպես ապրել: Մենք բոլորս մի քիչ ֆոկուսնիկներ ենք:
-Այսինքն, եթե ձեր պարագայում չլինի սերիալում նկարահանվելը…
-Դա այլ մեծ թեմա է, ինչի մասին չեմ ուզում հիմա խոսել: Դուք ճիշտ ակնարկ եք անում, իհարկե:
-Ձեր ընտանիքի պես 4-հոգանոց ընտանիքին որքա՞ն գումար է պետք ամսական կարիքները հոգալու համար:
-Մի 2 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ պետք է մտնի տուն, որ 4-հոգանոց ընտանիքը կարողանա մինիմալ ապրել: Չեմ հաշվում հագուստը, հանգիստը: Եթե հանգստի մասին է խոսքը ու նաեւ հագուկապի, ապա մի 900.000 դրամ երեւի հարկավոր կլինի: Հիմա, որ Տիգրանը լսեր` էս տեսակ լուրջ թվեր եմ ասում, խիստ կնեղանար ինձանից: Ես թվերի ու փողի հետ վատ հարաբերությունների մեջ եմ, մոտս նույնիսկ փող չեմ պահում:
-Հիմա Ձեր դրամապանակում փող չկա՞:
-Ո՛չ, երբեք չկա: Եթե իմ ծանոթներին հարցնեք, նրանք դա կհաստատեն: Ես փող չեմ պահում ինձ մոտ: Մեծամասամբ Տիգրանի հետ եմ, եւ բոլոր ծախսերն ու հոգսերն ինքն է հոգում: Ես չեմ գնում բանկոմատից իմ աշխատավարձը ստանալու, ես նույնիսկ չեմ էլ մոտենում այդ բանկոմատին: Ես այդպես եմ ապրում, ու դա ինձ դուր է գալիս:
-Լավ, իսկ կնոջը հարդարված ու գեղեցիկ լինելու համար որքա՞ն գումար է հարկավոր:
-Եթե լիարժեք զբաղվես ինքդ քեզնով, բավականին շատ, դե մի 200-300 դոլար պետք կլինի ամեն ամիս: Կինը պետք է խնամված լինի, բայց ես այն կարծիքին չեմ, որ փողը քիչ է, այ դրա համար խնամված չէ: Իմ ընկերուհիներից մեկն ինձ լավ խորհուրդ է տվել: Այն, ինչ ուտում ես` բանջարեղեն կամ միրգ, դիմակների տեսքով կարելի է քսել դեմքին ու ձեռքերին: Այն տարիքում, որ հիմա ես եմ, լիարժեք խնամք է պահանջվում: Չեմ կարող տարերային վերաբերվել իմ արտաքինին, բայց էնպես էլ չի, որ կանոնակարգված եմ զբաղվում: Երիտասարդ տարիքում էլ, հիմա էլ չեմ սիրել խիստ շպարված լինել: Մի քիչ ազատ վիճակ եմ սիրում: Միեւնույն է, մեր մասնագիտությունն էլ այնպիսին է, որ երեկոյան դու մեկ է, գրիմ ես ունենալու: Օրվա մեջ փորձում եմ մի քիչ հանգիստ ապրել: Ինչ վերաբերում է հագուստին, այն կանանց թվին չեմ պատկանում, որոնք հայտարարում են, որ իրենք շոփինգ են անում դրսում: Ինքս էլ հյուրախաղերի ժամանակ ինչ-որ բաներ գնում եմ, դրսում ե՛ւ լավ զեղչեր են լինում, ե՛ւ ընտրություն, նաեւ տեսականին է մեծ:
«ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՉԷ, ԱՅԼ ԾԻԾԱՂԵԼԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ