«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը փորձում է Աշտարակում գազալցակայան կառուցել, սակայն վերջինիս դեռ չի հաջողվում ստանալ քաղաքի ավագանու համաձայնությունը:
Իսկ Աշտարակի ավագանին ընդդիմանում է, ու հատկապես մայիսի 30-ի նիստը փոթորկալից մթնոլորտում է անցել, երբ քաղաքապետ Արմեն Անտոնյանը առաջարկել է կայացնել մի որոշում, համաձայն որի՝ նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար:
Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տվել հողատարածքի աճուրդը իրականանա, քանի որ անվտանգության ոչ մի կանոն պահպանված չէ, բացի այդ, այդ հողատարածքը պատկանում է սպորտդպրոցին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նիստից հետո Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, Ա. Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են ազդել ավագանու անդամների վրա, որոշ դեպքերում էլ՝ սպառնալ: