Թեեւ երեկ Սերժ Սարգսյանը ստորագրեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, սակայն դեռեւս անհայտ է, թե ինչպես է աշխատելու այդ կառույցը, եթե 2014 թվականի պետական բյուջեով կոմիտեի համար գումար նախատեսված չէ: Ընդ որում, քննչական կոմիտեի աշխատողների համար նախատեսված են բավականին բարձր աշխատավարձեր, որոնց գումարվելու է նաեւ հավելավճար՝ ըստ կոչումի եւ աշխատանքային ստաժի: Նշենք, որ քննչական կոմիտեն պետք է ունենա 1000 հաստիք, որից 800-ը՝ քննիչ:
Ըստ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի՝ այն կարգավորում է նորաստեղծ կոմիտեում ծառայության անցնելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները եւ ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչպես է կառույցն աշխատելու, եթե դրա համար բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարոն Սահակյան, թեեւ Սերժ Սարգսյանը ստորագրեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, այդուամենայնիվ, 2014 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն կոմիտեի համար: Չե՞ք կարծում, որ դա բավարար խոչընդոտ է, որպեսզի կառույցը չգործի:
-Դուք խորքային հարցադրումներ եք ներկայացնում, քանի որ քննչական կոմիտեի հետ կապված օրենսդրական փաթեթը շատ մեծ էր, որը մի շարք օրենքների նախագծերից էր կազմված, ընդգրկված էր նաեւ այդ մասին նախագիծ: Կարծում եմ՝ բյուջեով կնախատեսվի գումար, այդտեղ խնդիր չեմ տեսնում:
-Քննչական կոմիտեի համար 1000 հաստիք է նախատեսված, ընդ որում` բարձր աշխատավարձերով: Արդյո՞ք կառավարությունը կկարողանա պետական բյուջեից այդքան գումար տրամադրել:
-Ես մանրամասներին չեմ տիրապետում, մենք ընդամենը քննարկել ենք քննչական կոմիտեի ձեւավորման սկզբունքները, հետագա աշխատանքի ձեւաչափը, ինչպես նաեւ սոցիալական երաշխիքների մասին բլոկը, որպեսզի համակարգում աշխատող մարդիկ լինեն սոցիալապես երաշխավորված: Ու հաշվի ենք առել նաեւ այն համակարգը, որտեղ աշխատելու են քննիչները, որպեսզի ինչ-որ առումով նրանք երաշխավորված լինեն: Այլապես մենք ունենում ենք շատ վատ երեւույթի դրսեւորում, երբ որ գալիս են, այսպես ասած, «շկոլայով» անցնում են եւ բավականին լուրջ գիտելիքներ, փորձ կուտակելով անմիջապես անցնում են մեկ այլ աշխատանքի, որտեղ շատ ավելի բարձր վարձատրություն է: Ու այստեղ պետությունը մի քանի անգամ տուժում է: Այսինքն՝ պետությունը միջոցներ օգտագործելով, ծախս անելով ձեւավորում է կրթված իրավաբաններ, ու երբ այդ փորձը կուտակելով նրանք պետք է աշխատեն, տեսնում ենք, որ այլ աշխատանքի են անցել: Սա շատ վատ երեւույթ է, որին փորձել ենք լուծում տալ:
-Կոմիտեի ստեղծումը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը որակել էր որպես ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու փորձ: Հնարավոր համարո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, այնպես անի, որ Ա. Հովսեփյանն առանց աշխատանքի մնա:
-Ինձ, խնդրում եմ, անձնավորված հարցեր մի տվեք, ընդամենը մի բան կասեմ, որ երկրի նախագահը ինչ-որ մեկի համար հատուկ օրենքներ չի ընդունում կամ ինչ-որ մեկի համար որոշումներ կայացնում: Այդ ամենն արվում է երկրի բարօրության համար:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
-Պարոն Ջհանգիրյան, ՀՀ քննչական կոմիտեն ֆինանսական միջոցների հետ կապված լուրջ խնդիր ունի. 2014 թվականի բյուջեով գումարներ նախատեսված չեն կոմիտեի համար: Ինչպե՞ս է այդ դեպքում գործելու կոմիտեն:
-Ես նման տեղեկություն չունեմ, ես տեղյակ եմ միայն, որ նախագծի վերաբերյալ կա ինչ-որ առարկություն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ