«Հայաստանում պետք է սահմանվի շքեղության հարկ, որ հարուստներն ավելի շատ վճարեն: Սա նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի յուրօրինակ դրսեւորում է»:
Արթուր Բաղդասարյան Twitter
Եթե որոշ հարուստներ հարստացել են ապօրինի ճանապարհներով, դա դեռ չի նշանակում, որ բոլոր հարուստները սրիկաներ են եւ պետք է լարվել բոլորի դեմ: Իրականում հարուստ լինելը վատ բան չէ, այլ հարց է, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվում այդ հարստությունը: Եվ վերջերս «ընդդիմադիր» դարձած ՕԵԿ նախագահը ինքն էլ երկրի ամենահարուստ մարդկանց թվին է պատկանում, ընդ որում՝ Արթուր Բաղդասարյանը հարստացել է՝ զուգահեռ պետական պաշտոն զբաղեցնելով, ինչն արդեն իսկ խիստ կասկածելի հանգամանք է: Հետաքրքիր է, Արթուր Բաղդասարյանը պատրա՞ստ է վճարել այդ շքեղության հարկը:
«Բայց դատապարտված ենք բարձրացնել: Եթե անգամ 0,5 տասնորդական տոկոսի հնարավորություն լիներ չբարձրացնելու, ես խոստանում եմ՝ մենք այս քայլին չէինք գնա»:
Ռոբերտ Նազարյան Yerkir.am
ՀՀ իշխանություններին, այլ ոչ ժողովրդին սպասարկող կառույցները եւ այդ կառույցների ղեկավարները, իրենց խոսքերով, միշտ էլ հարկադրված են հակաժողովրդական քայլեր անում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ՀՀ քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի սակագները 4 դրամով բարձրացնելու հարցում առիթը չկորցրեց իրեն զոհի տեղ դնելու եւ տուժածի կարգավիճակ ընդունելու: Փաստորեն, յուրաքանչյուր գնի բարձրացման դեպքում բարձրացնողները դատապարտված են այդ քայլն անելու, իշխանություններն էլ դատապարտված են երկիրը դատարկելու, ժողովրդին աղքատության շեմին հասցնելու:
«Նոր համակարգի ներդրմամբ երկրում պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ կլինի»:
Արտեմ Ասատրյան tert.am
Այսպիսով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ երկար տարիներ եղել է նույն գերատեսչությունում՝ փոխնախարարի կարգավիճակով, սկսել է հետաքրքիր բացահայտումներ անել նախարարության գործունեության ու սկզբունքների մասով: Պարզվում է՝ մինչ օրս մեր երկրում պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության գործընթացն ամբողջությամբ անկանխատեսելի է եղել, դրա համար էլ հիմա անհրաժեշտություն է առաջացել կանխատեսելի դարձնել դրանք: Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց նախարարը հասկացավ, որ անկանխատեսելիության խնդիր է առաջացել:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ