«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին պաշտոնյան աշխարհում, ում հաջողվել է կազմել ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին:
Եվ այսպես, երեկ գյուղնախարարը ԱԺ-ում ներկայացրել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արգելում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, առանց ցավազրկման ամորձատել, եղունգները հեռացնել, կենդանիների մարմնի դյուրազգաց մասերը սեղմել, պոչերը ճզմել, ոլորել, եւ մարդկային մտքի տգիտության այլ դրսեւորումներ:
Թե ինչպես են վերահսկելու այս օրենքի կատարումը, ո՞ր կենդանին եւ ո՞նց է ահազանգելու իր նկատմամբ թույլ տրված օրինախախտման մասին, նախագծից այդպես էլ հասկանալի չի դառնում: Բայց կարեւորն այստեղ օրենք գրելու դրդապատճառն է: Նախարար Կարապետյանի խոսքերով՝ «դա Եվրամիության եւ միջազգային կազմակերպությունների պահանջն է»:
Այսպիսով, հասկանալի դարձավ, որ փաստաթուղթն ընդունվում է «գալչկայի համար», որպեսզի հերթական եվրոպական դրամաշնորհը «տակով անեն» եւ եվրոպական կառույցներին հաճոյանան: Ոչինչ, որ օրենքը կմնա անկատար, ոչինչ, որ նախագծի վերաբերյալ, օրինակ, ՀՀ Արագածոտնի մարզի Սադունց համայնքի ղեկավար Էդվարդ Սադունյանը լսելով «Ժողովուրդ»-ի հարցը, չկարողացավ նույնիսկ զսպել իր ծիծաղը եւ տարակուսեց, թե օրենքի ընդունումից հետո ինչպես է շփվելու իր սեփական կենդանիների հետ:
Ինչեւէ, թերեւս նման դեպքերի համար է Էյնշտեյնն ասել, որ աշխարհում 2 անվերջանալի բան կա՝ մեկը մարդկային հիմարությունը, մյուսը տիեզերքը՝ շեշտելով, սակայն, որ տիեզերքի հաշվով այնքան էլ վստահ չէ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: