Մեղադրյալները դեռ կալանավորված չեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իջեւանի զորամասերից մեկում, սույն թվականի մայիսի 10-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալներ` նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանի եւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չբացակայելը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, երեկ Ներսեսի քեռին` Աիդին Հարոյանն, ասաց, որ վաշտի հրամանատարին ազատ թողնելը շատ սխալ էր. «Հանցանքը կատարել է հենց վաշտի հրամանատարը, դրա համար էլ պիտի պատասխան տա շատ խիստ ձեւով, հիմա որ բաց են թողել, ի՞նչ պիտի անենք, չենք կարա ոչ մի բան անենք, իրենք՝ իրենց խիղճը, իրենք՝ իրենց Աստվածը, էնքան ենք բողոքել: Տարբեր ատյաններին դիմել ենք, բայց տեսնում ենք, որ անօգուտ է, հայկական ձեւերով են անում, ինչպես միշտ, չեն փոխվում»:

Նշենք որ Գ. Ասրյանին եւ Է. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ եւ 365-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու եւ մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու, ինչպես նաեւ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս