1988-ից հայի որձ տեսակը, անկախ սեռից, աշխարհի քոռ աչքը բացեց` պնդելով ապրելու իր իրավունքը եւ տարածաշրջանում անզիջելի հարգանք վաստակելով: Ազգի տականքը կռվի տարիներին դարան մտավ` «մինչեւ անցնի վտանգը» նշանաբանով: Բնականաբար, պատվի տեր մարդիկ էլ զինվեցին եւ գնացին ռազմադաշտ: Վերջապես, մենք մեր սարերի տերն էինք: Այլեւս ի՞նչ էր պետք` կամք, հավատ եւ նվիրում: Այս երեքը միասին ջախջախիչ ուժ են: Թիկունքի ժողովուրդը եւս չընկճվեց. սկսած կտրոնով հացից, մինչեւ 1-2 ժամ տրվող էլեկտրաէներգիան, ի զարմանս աշխարհի, հակառակ ազդեցություն ունեցան: Հերոսները շատ էին, դիմացկունությունն` անսպառ:
Հնարավո՞ր էր արդյոք հաղթանակների այս շքերթն առանց ճկուն եւ իմաստուն առաջնորդի: Միանշանակ` ո՛չ, եւ այդ առաջնորդը ճակատագրով Լեւոն Տեր- Պետրոսյանն էր: Այս հարցում ընդդիմացողները եթե անմեղսունակ չեն, առնվազն չարակամ են: Սակայն պատմությունն ամենեւին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին չէ: Պատերազմի ավարտին զուգընթաց` խելքի էր գալիս նաեւ ազգի տականքը, եւ կասկածելի հանգամանքներում դաշտային հրամանատարների լավագույն մասը մեկը մյուսի հետեւից զոհվեցին: Անունները չեմ թվարկում: Փոխարենը ջրի երես դուրս եկան հերոս տղերքի կողքին վախվորած կանգնածները` Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը եւ այսօր վերջիններիս աջակցողների շարքը: Դե, իսկ Հայաստանում (ճիշտը, թերեւս, թիկունք բառն է) վազգենմանուկյաններն ու արշակսադոյաններն էին ջուր պղտորում, դաշնակները` «Դրո» կառույց ստեղծում: Սրանց նպատակները դեռեւս հստակ չէին երեւում այն տարիներին: Անկեղծ լինելու համար ասեմ, որ Տեր-Պետրոսյանի շրջապատում եւս քաղաքական պոռնիկների եւ դավադիրների պակաս չէր զգացվում: Արդյունքում առաջնորդը հրաժարական տվեց: Դաշտը մնաց, այսպես կոչված, կտրիճներին, կտրիճներ, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս, երեւակվեցին Քոչարյանի եւ Սերժի տեսքով, իսկ Տեր-Պետրոսյանի շուրջը հավաքված դավադիր քաղաքականներն այսօր էլ իշխանություն են եւ շարունակում են իրենց սեւ գործը:
Այսօրն է, սակայն, իմ ու ձեր հետաքրքրության առարկան, հասնում ենք տեղ: Սիրելի՛ ընթերցող, նախորդ ասվածներն ընդամենը հիշողությունը թարմացնելու վարժանքներ էին: Այսօր մենք ունենք հանցագործ իշխանություն` իր բոլոր դրսեւորումներով: Ի՞նչ անենք. փորձում ենք արդար ընտրություններով փոխել իշխանությունը` ապարդյուն, բռնում ենք հանցագործի ձեռքը կամ մատնացույց անում` ոստիկանը լռում է, Ազգային անվտանգությանն ենք դիմում` Սերժի հանցակիցներն են դարձել, ժողովրդին ենք դիմում` վերջիններիս մի հատվածը 5.000 դրամով պատրաստ է սեփական կնոջն ու երեխային իշխանական հարեմի անդամ դարձնել, եկեղեցուն ենք դիմում` կաթողիկոսը մոմի բիզնեսով է զբաղված: Մտավորական կոչվածների գերակշիռ մասը նույնպես հաճույքով վաճառվում է, մի քիչ ավելի թանկ գնով, բայց վաճառվում է: Ուսուցիչն ընտրատեղամասում, Սերժ Սարգսյանի հրահանգով, ներքնաշորի մեջ կեղծված քվեաթերթիկ է պահում եւ հարմար պահի գցում քվեատուփը, իսկ առավոտյան, ասես ոչինչ չի եղել, սրբի շան տեսքով առաջին դասարանցուն «Այբ, Բեն…» է սովորեցնում: Ազգը թալանած հարուստներն այսօր, գործարարի վեղարը հագներին, թոշակառուից գողացածի 0.001 տոկոսը վերադարձնում են եւ պահանջում, որ իրենց առյուծ կոչեն: Հեռուստաալիքները ցուցադրում են սերիալներ, որտեղ հայրը քնում է հարսի հետ, տղան` խորթ մոր հետ, կամ այնպիսի պատմություններ են բեմադրում կյանքի կարուսելների տեսքով, որտեղ անբարոյական հարթության վրա է պատկերվում հայի տեսակն ընդհանրապես: Մեր սրբությունների սրբոց բանակն անգամ կասկածելի սեռի գեներալների ձեռքում է հայտնվել: Այլ պետությանը զենք վաճառածներն անգամ այսօր գեներալ են:
Սահմանադրությունը միջազգային կարգի փաստաթուղթ է, որտեղ ասվում է, որ եթե ժողովուրդը Սահմանադրությամբ իրեն վերապահված ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի կարողանում իրականացնել, ապա այդ նույն Սահմանադրությամբ գնում է հեղափոխության ճանապարհով, քանզի իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը եւ միայն ժողովուրդն է ձեւավորում օրինական իշխանություն: Քաղաքական առաջնորդ այս ճանապարհին պետք չէ: Եկե՛ք հանգիստ թողնենք վերջինիս: Մեզ հեղափոխության առաջնորդ է պետք, եթե կուզեք` առաջնորդներ: ՀՀ ամբողջ տարածքով մեկ պետք է մեկեն ոտքի կանգնեցնել ժողովրդին եւ կայծակնային արագությամբ մաքրել Հայաստանը վարակի վերածող սերժանտական աղբից: Հակառակ դեպքում մեր զոհված ընկերները մեզ չեն ներելու: Այսօրվա պայմաններում ազգի` ճշմարիտ ճանապարհ անցած տղերքի մեռնելն անգամ դավաճանություն է: Հայ ազգային միտքն, այս պահից սկսած, պետք է կենտրոնացնել միմիայն այս գաղափարին: Մնացյալը` անհարկի շքեղություն է:
ՄԵԶ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ Է ՊԵՏՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ