Խ․ Քոքոբելյանը «փրկեց» ՀՀԿ-ին՝ քվորումի համար անհրաժեշտ ձայն ապահովելու համար․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ոչ իշխանական պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ «փրկեց» ՀՀԿ-ին։ Քվորումի բացակայության պատճառով ԱԺ-ն չէր կարողանում սկսել աշխատանքը։ Քոքոբելյանի ձայնը վճռորոշ դարձավ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայն ապահովելու համար։

ԱԺ միջանցքներում արագորեն շրջանառության մեջ մտավ «65 ՀՀԿ-ական + Խ. Քոքոբելյան = քվորում» բանաձեւը։ Ինքը՝ Քոքոբլյանը, մեր թղթակցի հետ զրույցում արդարացել է, թե գրանցվածների մեջ վերջին՝ 66-րդը չի եղել, եւ հայտարարել, թե ոչ իշխանական քառյակի անդամ չէ, իսկ քառյակը մյուս պատգամավորների հետ չի քննարկել, որ մտադիր է բոյկոտել նիստն ու չգրանցվել։ Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են ՀՀԿ-ին օգնելու մեջ, Քոքոբելյանն ասել է. «Գլուխները պատովն են տալիս»։ Նա ասել է, թե ցանկացած քվեարկություն տապալել-չտապալելու խնդիրն ինքնանպատակ չէ. «Եթե իրենք ունեին նման նպատակ, պետք է քննարկվեր ու հասկանալի լիներ՝ ինչու չենք գրանցվում կամ ինչու ենք գրանցվում։ Ես դիմեցի, հարցրեցի՝ գրանցվել, չգրանցվելու համար, բայց իրենց կողմից ոչ մի արձագանք չեղավ»,-ասել է նա։ Սա առաջին անգամը չէ, երբ Քոքոբելյանն օգնում է ՀՀԿ-ին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս