ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու դեպքում չի անհանգստանալու, թե ով է լինելու իր հակառակորդը: «Ցանկացած մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուի չպետք է անհանգստացնի այն հարցը, թե ով է լինելու իր մրցակիցը, քանի որ, ըստ իս, տվյալ դեպքում ամենագլխավորը ժողովրդի հավատն ու վստահությունն է»,-կարծում է Տոնոյանը:
-Պարո՛ն Տոնոյան, չնայած մինչ այդ հայտարարել էիք, որ չեք պատրաստվում առաջադրել Ձեր թեկնածությունը, սակայն կարծես թե դա այդպես չէ. մեր տեղեկություններով` Դուք առաջադրվելու եք, եւ Ձեզ սատարելու է ԲՀԿ-ն: Ո՞րն է այդ փոփոխության պատճառը:
-Այո՛, ես հայտարարել էի, որ չեմ առաջադրվելու, բայց չեմ հայտարարել, որ դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Եւ եթե իմ կուսակցությունը որոշում կայացնի եւ գտնի, որ իմ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի Ազգային Ժողովում, ապա ես պարտավոր եմ ընդունել իմ կուսակցության որոշումները:
-Վերջերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ նույն տարածքում պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ռուբեն Սինոյանը, սակայն քանի որ ԲՀԿ-ն մինչ այդ ճշտել է, որ Սինոյանի վարկանիշը շատ ցածր է այդ համայնքում, նորից կանգ է առել Ձեր անձի վրա:
-Ինչ վերաբերում է Ռուբեն Սինոյանին ու նրա ունեցած վարկանիշին, ապա լավ կլինի, որ նրան վերաբերող հարցերն ուղղեք իրեն: Ես կարող եմ միայն իմ անձին վերաբերող հարցերին պատասխանել:
-Տեղյա՞կ եք, որ թիվ 3 ընտրատարածքում Ձեր մրցակիցն է լինելու ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը, ինչպե՞ս եք վերաբերում ՀՀԿ-ական մրցակից ունենալու մտքին: Ի դեպ, նախորդ անգամ Դուք 15 հազար ձայն էիք հավաքել, որում Ձեզ օգնել էին քրեական շատ ու շատ հեղինակություններ` Բլղուր, Վահե եւ այլոք: Ի՞նչ եք կարծում, այս անգամ Ձեր թիմը նորի՞ց կգա Ձեր հետեւից:
-Կարծում եմ, որ ցանկացած մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուի չպետք է անհանգստացնի այն հարցը, թե ով է լինելու իր մրցակիցը, քանի որ, ըստ իս, տվյալ դեպքում ամենագլխավորը ժողովրդի հավատն է ու վստահությունը: Համենայնդեպս, գտնում եմ, որ ես այս ընտրություններում նույնպես Քանաքեռ-Զեյթուն համայնքում ձայների ու թիմակիցների պակաս չեմ զգա: Իսկ Ձեր ասած Բլղուրը կամ Վահեն, որոնք, ըստ Ձեզ, քրեական հեղինակություններ են, որպես այդպիսիք ինձ հայտնի չեն:
-Պարո՛ն Տոնոյան, ըստ շրջանառվող խոսակցությունների` դեռեւս նախորդ ընտրություններից Դուք բավականին պարտքեր ունեիք կուտակված: Եթե նորից առաջադրվելու լինեք, կկարողանա՞ք արդյոք համապատասխան ֆինանսներ տրամադրել` հաղթանակ ապահովելու համար:
-Ես գտնում եմ, որ ժողովրդի մոտ վստահություն ու վարկանիշ ունեցող անձանց մեծ գումարներ պետք չեն ընտրության գնալու ու հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերում է պարտքերի հետ կապված անընդմեջ շրջանառվող խոսակցություններին, ապա նշեմ, որ ես պարտքեր չունեմ, բայց եւ օգտվելով առիթից` ուզում եմ նշել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներից որեւէ մեկս չէինք կարող զերծ մնալ:
Հ.Գ. Աշոտ Տոնոյանի հետ հարցազրույցը կայացել է գրավոր տարբերակով (չգիտես ինչու, պատգամավորի հեռախոսին մշտապես պատասխանում է նրա վարորդը` ստելով, թե այդ հեռախոսահամարը Տոնոյանինը չէ): Սա է պատճառը, որ Տոնոյանի խոսքը շարադրված է գրական հայերենով: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա պետք է արձանագրենք, որ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչն ինքը չէ իր գլխի տերը: Նրա փոխարեն որոշում է կայացնում կուսակցության ղեկավարը: Եթե նախկինում պետք չէր, որ Տոնուսի Աշոտն առաջադրվեր, հիմա պետք է: Նա ընդամենը կատարող է, ենթակա անձ:
Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ