Ֆրանսիայի ոստիկաններին զարմացրել է ՀՀ-ում վարորդական իրավունքի ձեռքբերման արագությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ Հայաստանի հետ փորձի փոխանակումը դրական ընթացք է գրանցում:

Ռուժոյի փոխանցմամբ` իրենց երկրում արագաչափերի տեղադրումը նվազեցրել է ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերը: Այսպես, Ֆրանսիայում 2003 թվականին գործում է համակարգը, ինչի արդյունքում տարիների ընթացքում զոհերի թիվը 18000-ից հասել է 3000-ի:

Իսկ Հայաստանի դեպքում  նախորդ տարվա այս ժամանակաշրջանի հետ համեմատած` 19 զոհ պակաս է գրանցվել:

«Արագաչափերի տեղադրումը հնարավորություն է տվել փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: Հայաստանում պետք է շատանա արագաչափերի թիվը, հատկապես` շարժականներինը, և կարճ ժամանակում լավ արդյունքերի հասնելը երաշխավորված կլինի»,- ասաց Քրիստոֆ Ռուժոն` միաժամանակ նշելով, որ իրենց երկրում, ի տարբերություն Հայաստանի, չկա առանձին-ճանապարհային ոստիկանություն կոչվող վարչություն, և իրենք Ֆրանսիայում առաջարկով հանդես կգան նման վարչություն ստեղծելու ուղղությամբ:

Իսկ լեյտենանտ Օլիվյե Բղեմոն իր խոսքում նշեց, որ իրենց մոտ, ինչպես և Հայաստանում, եղել է մենթալիտետի խնդիր: Սկզբնական շրջանում ֆրանսիացիները դեմ էին արագաչափերի և տեսանկարահանող սարքերի տեղադրմանը, սակայն տասներեք տարի անց համակարգի ներդրումը շատ օգնեց:

«Որպեսզի նման արդյունավետություն լինի նաև այստեղ, գտնում եմ, որ պետք է արագաչափերը շատանան:  Փորձի փոխանակումն արդյունավետ է գնում, հատկապես` խաչմերուկներում տեղադրված սարքերի հետ կապված»,- ասաց Ֆրանսիայից ժամանած հյուրը:

Նրա խոսքերով` իրենք այցելել են նաև «Կենտրոն», որտեղ տալիս են վարորդական իրավունքները: Եվ Բղեմոնին զարմացրել էր գործընթացների արագությունը: «Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ստանալ վարորդական իրավունքը, մի բան, որ Ֆրանսիայում ավելի երկար ժամանակ է խլում»,- ասաց նա:

Armlur.am-ի հարցին, թե Հանրապետության որ մասերում են եղել Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները, պատասխանեցին, որ միայն մայրաքաղաքում և հարակից շրջաններում, քանի որ մյուս հատվածներ հնարավոր չի եղել այցելել աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով:

Տաթև Հարությունյան




Լրահոս