ՑՈՒՑԱԿԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԶՐՈՑՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս քաղաքական դաշտում աճել են  դժգոհությունները եւ արդար ընտրությունների հանդեպ թերահավատությունը: «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սէֆիլյանը նշում է. «Այն, ինչ կատարվում է, օգուտ չի բերելու ժողովրդին, միայն վնաս է տալու: Ընտրակեղծիքներ լինելու են, եւ իշխանություն ու ընդդիմություն հակամարտությունը կեղծ է»: Իսկ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ճիշտ են ասում` ընտրություններ չեն լինելու:

Հարց.  Ի՞նչ եք կարծում, արժե՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ելքն արդեն որոշված է, եւ պետք է բոյկոտել ընտրությունները:

ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով` ընտրություններ կլինեն, եւ պետք է կոչ անել բոլոր մարդկանց անպայման գնալ ընտրություններին: Եւ որ ամենակարեւորն է, քվեարկել այն մարդու օգտին, ում ավելի ճիշտ են գտնում: Ինչքան շատ մարդիկ  գնան ընտրությունների, այնքան կեղծիքներ ավելի քիչ կլինեն, եւ մենք կունենանք արդար ընտրություններ: Արդար եւ թափանցիկ ընտրությունների առողջ ելքը բացում է նոր հեռանկարներ:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՔԴՄ կուսակցության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ելքը չի կարող որոշված լինել, եւ իմ կարծիքով` նման հայտարարություն անողն ուղղակի վստահ չէ իր ուժերի վրա եւ նման ձեւով արդարացում է փնտրում: Յուրաքանչյուրը կարող է իր թեկնածությունն առաջադրի եւ հետեւի, որ արդար ընտրություններ լինեն:

ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ
ԺԱԿ նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք ասում ենք, որ ոչ թե պետք է չմասնակցել ընտրություններին կամ բոյկոտել ընտրությունները, այլ ասում ենք, որ պետք է ուղղակի արհամարհել այն ամենը, ինչ իշխանության կողմից վերահսկվում է: Պետք է ձեւավորել այլընտրանքային իշխանություն, իսկ թե ինչպես պետք է ձեւավորել, կտեղեկացնենք առաջիկա շաբաթում: Ազգային Ժողովի պատգամավորների ցուցակը գտնվում է Սերժ Սարգսյանի գզրոցում:    

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ
«Սարդարապատ» շարժման անդամ
Պատրաստեց ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս