Փետրվարի 19-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղում շուռ է եկել Վրաստանից Հայաստան ձկան կեր տեղափոխող խոշոր բեռնատարը: Վթարի պատճառն ամենայն հավանականությամբ արգելակների անսարքությունն է եղել: Ծանր վիրավոր վարորդն իրեն օգնություն ցուցաբերած ջուջեւանցիներին հայտնել է, որ արգելակները չեն գործել: Հավանական է նաեւ, որ վարորդը գերազանցել է բնակավայրի ներսում թույլատրված առավելագույն արագությունը: Բեռնատարը գյուղի մեջ` ոլորանում, դուրս է եկել ճանապարհից, կցորդը շուռ է եկել: Վրացական համարանիշերով մեքենայի ղեկին եղել է վրացի 55-ամյա Ավթանդիլ Խուռաշվիլին: Նա ժամը 18:30-ի սահմաններում մահացել է: Փետրվարի 20-ին` օրվա երկրորդ կեսին, վթարի հետեւանքով շրջված, բեռնված կցորդը դեռ ուղղված չէր: Ջուջեւանի բնակիչները մտահոգ են, որ Հայաստան բեռներ տեղափոխող խոշոր բեռնատարները բնակավայրերում շատ արագ են երթեւեկում, կարծես լայն մայրուղում լինեն: Արագությունը գերազանցելու համար պետավտոտեսուչները նրանց պետք է տուգանեն: Սակայն Հայաստան բեռներ ներկրող տրանսպորտային ընկերությունների տերերը հզոր մարդիկ են, «ֆուռերի» վարորդներն էլ այդ մասին լավատեղյակ են: Պետավտոտեսուչներին մնում է միայն պատահարներից հետո զոհերի եւ վնասների մասին արձանագրություն կազմել:
Տավուշ