Օրեր անց պարզ կդառնա` Հայաստանը մեկնելու է Բաքու` «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին մասնակցելու համար, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հարցումն այս թեմայի շուրջ: Երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը «Եվրատեսիլ»-ը` որպես երաժշտական մրցույթ, լուրջ չի ընդունում: «Անկեղծ ասած, այսքան տարիների ընթացքում այդպես էլ չկարողացա ծայրից ծայր նայել: Չնայած ցանկացել եմ, մասնագիտական հետաքրքրություն կար ինձ մոտ:
Ինչ կապված է այն հարցի հետ, թե որտեղ է տեղի ունենում, դա արդեն երկրորդական խնդիր է: Ինձ մրցույթը` որպես մրցույթ, հետաքրքիր չէ: Այն տարվանից, երբ մենք առաջին անգամ ուղարկեցինք մեր մասնակցին, փորձեցի հետեւել, բայց այսքան տարվա մեջ միայն մի երգ է եղել` Ֆինլանդիայի մասնակցի` Հաննայի կատարմամբ, որ հավանել եմ, այն էլ ոչ մի տեղ չզբաղեցրեց»:
Գիսանեի պնդմամբ` մրցույթն այնքան էլ հետաքրքիր չէ ճաշակ ձեւավորելու առումով. «Մենք միշտ մտածում ենք` այնպիսի երգ ուղարկենք, որ սփյուռքը քվեարկի մեր մասնակցի օգտին, բայց ես կարծում եմ, որ սխալ ձեւով ենք մտածում: Ոնց էլ լինի, սփյուռքը Հայաստանի մասնակցի համար կքվեարկի, կարեւորն այնպիսի երգ ուղարկենք, որ Եվրոպան քվեարկի: Ըստ իս, երեւի սփյուռքում էլ է մարել հետաքրքրությունը «Եվրատեսիլ»-ի նկատմամբ: Նրանք էլ են ցանկանում բեմի վրա տեսնել ոչ միայն հայի, այլեւ այնպիսի մասնակցի, ով լավ երգով կներկայանա: Այդ տեսակետից ուրախ կլինեմ, որ «Դորիանս»-ը գնա: Վերջապես պետք է մտածենք ոչ միայն տեղ զբաղեցնելու, այլ որակով երգ ներկայացնելու մասին»:
ԱՅՍ ՏԵՍԱԿ ԿԱՐԾԻՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ