Իշխանության լկտի գործունեությունը բումերանգի էֆեկտով խփելու է իրենց. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «քառյակի» համատեղ ասուլիսի ընթացքում նշեց, որ հանրային հնչեղություն ունեցող, հասարակության համար կարևորագույն օրենքները պետք է քննարկվեն հասարակության հետ: Նա նկատի ուներ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որն այսօր խորհրդարանում ընդունվեց միայն ՀՀԿ-ի շնորհիվ:

«Իշխանությունները խոստացել էին, և իսկապես, նման օրենքները պետք է քննարկվեն, սակայն եթե հանրային լայն քննարկում անցկացվեր, ապա կպարզվեր այն, ինչ ասել էր Սերժ Սարգսյանը՝ հանրության 80 %-ը, վստահ եմ, որ ավելին, դեմ կլիներ օրենքին: Իշխանությունները որոշեցին առանց քննարկման, զոռբայությամբ, շտամբովկայի ռեժիմի տակ օրենքն անցկացնել»,-նշեց պատգամավորը:

Զուրաբյանի խոսքով՝ իշխանության այդ քայլը նշանակում է, որ նրանք չեն հարգում, քաղաքացուն, օրենքը, խորհրդարանը: Պատգամավորը նշեց, որ  նրանց բոլոր խախտումները մի օր բումերանգի էֆեկտ են ունենալու.

«Իրենց լկտի գործունեությունը բումերանգի էֆեկտով խփելու է իրենց: Ինչ ցանեն, այն էլ կհնձեն: Ինչո՞ւ այսօր դուրս եկանք նիստերի դահլիճից, որովհետև նրանք անցան ակնհայտ լկտիության ու արհամարանքի: Օրենքով պահանջված 20 րոպե ընդմիջումը մերժում են, իսկ ընդմիջումից հետո ԱԺ նախագահը պարտավոր է անմիջապես քվեարկության դնել նախագիծը, սակայն նախագահողն ընդմիջումից հետո 20 րոպե շարունակ պատգամավորներին կանչում էր նիստերի դահլիճ, ինչն էլ վկայում էր, որ քվորում չի ապահովվում», – հայտարարեց նա:




Լրահոս