«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակտիվ տեմպերով ալեհավաքներ է բաժանում Գյումրիում` Անի թաղամաս, Մուշ-2, Սեւյան, Նոր Ավան, Կայարան, Կինո Երեւան եւ այսպես շարունակ: Ալեհավաքները տրվում են նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնում դառնալ ԲՀԿ անդամ եւ խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ ԲՀԿ-ին: Որպես դրա ապացույց` ալեհավաք ստացողը ԲՀԿ գրասենյակին է ներկայացնում իր անձնագիրը: Տվյալները վերցնելուց հետո մասնագետները գնում են բնակարաններ եւ տեղադրում ալեհավաքները: Սակայն բնակիչներին չեն մոռանում «ինստրուկտաժ» անել` «եթե ձեզ կհարցնեն` ինչու են ալեհավաք տվել, կասեք, որ բարեգործություն է»: Նշենք, որ ալեհավաքն արժե մոտ 100 ԱՄՆ դոլար: Այս գործարքը տեղի է ունենում ԲՀԿ նորաբաց գրասենյակում` Գյումրու կայարանամերձ հրապարակում: Գրասենյակը ղեկավարում է Սամվել Բալասանյանը, ալեհավաքներն էլ բաժանում են հենց նրա անունից եւ հենց այն թաղամասերում, որոնք ընդգրկված են թիվ 35 ԸԸՀ կազմում: Պարզ ասած, երբ Սամվել Բալասանյանը մանեւրում էր, թե ինքը դեռ մտածում է` մեծամասնական ընտրակարգով դնելու է իր թեկնածությունը, թե ոչ, դա պարզապես կեղծ համեստություն էր, որովհետեւ խորհրդարան իր մուտքն ապահովելու համար ԱԺ փոխխոսնակն արդեն երկար ժամանակ է աշխատում: Նախ` որ անակնկալ կերպով թիվ 35 ԸԸՀ նախագահ դարձավ Գուրգեն Մալխասյանը, ով Սամվել Բալասանյանի օգնականն էր ԱԺ-ում: Իհարկե, նա իր հերթին ընտրությունների ժամանակ կանի հնարավորը` «շեֆի» համար: Թեեւ նշենք, որ դեռեւս հայտնի չէ, թե ով կլինի Բալասանյանի մրցակիցն այս ընտրատարածքում: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ դեռ Բալասանյանը «անկախ» պատգամավոր էր, նրա մրցակիցը ԲՀԿ-ական Համբարձում Մաթեւոսյանն էր, ով եւ ձայների զգալի տարբերությամբ պարտություն կրեց:
Անդրադառնանք ալեհավաքների պատմությանը: «Մեզ ասել են, որ մեր ձայնը տալու ենք Բալասանյանին: Բայց ես ում ուզենամ` կուդամ: Աղջի՛կ ջան, օրինակ ինչի՞ չօգտվեի: Իրանք տարին 12 ամիս մեր փողերը կուդեն, դրա չնչին մասն են հետ տվել, ես էլ վերցրել եմ, ու մեր շենքից շատերը: Լավ են էրէ»,-պատմեց ալեհավաք ստացած Ռիմա Թադեւոսյանը: Այսպիսի ձայնագրություններ շատ կան, պարզապես դրանք չենք հրապարակի, որովհետեւ գրեթե բոլորը նույնն են պնդում, պատմելով` ով է տվել ալեհավաքը եւ ինչու:
Ալեհավաքների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Սամվել Բալասանյանից: Նա, սակայն, գերադասեց չպատասխանել հեռախոսազանգերին: Իսկ նրա մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը խոստացավ ավելի ուշ պարզաբանել: Հասկանալի է, որ նրանք պարզապես չեն կարող հերքել, որ Սամվել Բալասանյանը Գյումրիում ալեհավաք է բաժանում, չեն կարող, որովհետեւ Գյումրիում հերթեր են, եւ բոլորն են խոսում, որ «բարեգործությունների» շարքը շարունակվելու է: Բալասանյանը հիմա պարզապես պետք է մտածի, թե ինչ է պատասխանելու լրատվամիջոցներին. «անտենա»` քվեի դիմա՞ց, թե՞ գյումրեցիների գեղեցիկ աչքերի համար:
Գյումրի