ՀՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ» ՄԱՍԻՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 14.00-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ գրասենյակում պետք է քննարկեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀՀ կառավարության լրամշակած նախագիծը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ԱԺ արտահերթ նիստից առաջ ՀՀԿ-ականներին տեղեկացնել, թե իրենք օրենքում ինչ փոփոխություններ են կատարել: Երեկվա դրությամբ ՀՀԿ-ում դեռ ոչ ոք տեղյակ չէր, թե իրենից ինչ է ներկայացնում նոր նախագիծը:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 15-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ 67 կողմ, 29 ձեռնպահ եւ 18 դեմ ձայներով խորհրդարանը հավանության էր արժանացրել կառավարության ներկայացրած լրամշակված նախագիծը` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Նախագիծն ընդունվել էր երկրորդ ընթերցմամբ: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը փորձել էր ճշտել, թե արդյոք իրենց առաջարկը կառավարության կողմից ընդունվել է: Մարգարյանին արձագանքել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ տեղեկացրել, որ ՕԵԿ առաջարկը կառավարության կողմից մերժվել է: Դրանից հետո Մարգարյանը հայտնել էր, որ իրենք եւս դեմ են քվեարկելու այդ նախագծին:
Նշենք, որ նոր նախագծով այն անձինք, ովքեր չեն ցանկանում մասնակից դառնալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին` կարող են դիմումներ ներկայացնել գործատուներին եւ այլեւս վճարումներ չկատարել: Սակայն այս օրենքի ընդունումից հետո ՀՀԿ-ականները հայտարարել էին, որ հայրենի կառավարությունը առաջիկայում կրկին լրամշակումներ կանի եւ օրենքը նորից կներկայացվի խորհրդարան:
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար ամեն ինչ պարզ կլինի այսօր: «Մեր հավաքի ժամանակ ամեն ինչ պարզ կլինի, մենք մեր մտքերն ի մի կբերենք, ընդհանուր հայտարարի կգանք, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անելու»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Խորհրդարանի մյուս խմբակցությունների ներկայացուցիչները եւս «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենց համար պարզ չէ, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ինչ փոփոխություններ են սպասվում: Ոչ իշխանական խմբակցություններն ակնկալում են, որ հունիսի 16-17-ին կառավարությունից ստանալու են լրամշակված նախագիծը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս