«Քրեակատողական հիմնարկում սպիտակ թուղթը մեկ շաբաթից դեղնում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենամեծ խնդիրը, որի առաջ կանգնում է ցանկացած դատապարտյալ, պայմանական վաղաժամկետ ազատման հարցն է: Կան ՀՀ ՔՕ հստակ հոդվածներով ազատազրկված դատապարտյալներ, որոնք անգամ հնարավորություն չունեն դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման համար: Այդ հոդվածներն են 104, 112, 176, 175, 179, 265, 268:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական  դիտորդների խմբի անդամները: Նրանց կատարած ուսումնասիրությունների համաձայն` անկախ հանձնաժողովը, որը զբաղվում է պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով, բոլոր դատապարտյալներին անխտիր տալիս է նույն պատասխանը` ռիսկային աստիճանը դիտվել է միջին, ուղղման գործընթացը առաջընթաց չունի, պատժի կրման կարիք ունի: Հարց է ծագում` ի՞նչ ասել է ռիսկայնության աստիճանի միջին գնահատական:

Խմբի դիտորդ անդամ Արայիկ Զալյանը հայտնեց, որ յուրաքանչյուր դատապարտյալի և տվկալ հանձնաժողովի հանդիպումը տևում է 1-2 րոպե, ինչը ձևական բնույթ է կրում: Զալյանը հիշեցրեց վերջերս Արթիկ ՔԿՀ մի խումբ դատապարտյալների հայտարարած հացադուլի մասին, որն այդպես էլ լուծում չստացավ:

«2006 թվականից հետո մեր կատարած ուսոումնասիրութոյոսւնների արդյուքում եկել ենք եզրահանգման, որ ՔԿՀ վարչակազմը ներքին հրահանգ ունի, որով արգելվում է որոշում կայացնել նշված հոդվածներով դատապարտվածների մասով: Վարչակազմը արգելք ունի որոշում կայացնելու»,- ասաց դիտորդը:

Մյուս դիտորդ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ հիմնական խնդիրներից է նաև այն, որ չկան հստակ նշված չափանիշներ, որոնցով պարզաբանվում է պայմանական վաղաժամկետ ազատումը:

«Հիմնականում նշվում է այն, որ տվյալ դատապարտյալը միջին ռիսկայնության է: Հարց է ծագում` ո՞վ է դա որոշում, ի՞նչ հիմունքներով: Փաստացի այսօրվա դրությամբ մեր համակարգում նման չափանիշներ չկան: Իսկ միջազգային պրակտիկան ունի հստակ չափորոշիչ, որի համաձայն` դա կատարվում է նոր հանցագործության կանխման, և դատապարտյալին հասարակությանն ինտեգրելու  համար»,- ասաց Հասմիկ Հարությունյանը:

Դիտորդ Անի Վարդանյանն էլ հայտնեց, որ վիճակագրության համաձայն` վերջին երեք տարվա ընթացքում շատացել են դիմող դատապարտյալների թիվը, ինչին հակառակ նվազել է պայմանական ազատվածներինը:

Դիտորդները հայտնեցին, որ իրենք հանդես են եկել օրենսդրական փոփոխություններ մտցնելու մի շարք առաջարկներով:

«Եթե ՔԿՀ-ն հնարավորություն չունի սպորտային կամ մշակութային կիջոցառում կազմակերպել, դատապարտյալը զրկվում է  այդ հնարավորությունից, բաց է մնում այդ զբաղվածության հարցը, ինչի պատճառով դատապարտյալը խնդրի առաջ է կանգնում: Եթե նման հնարավորություն չունի  ՔԿՀ-ն, մեխանիկորեն բացասական արդյունք է թողնում:  Անհատական ուղղման պլանները պետք  է հոգեբանների հետ պայմանական աշխատանք ունենան: Ռիսկայնության աստիճանը հստակ կներկայացվի:  Անկախ հանձնաժողովում պետք է համալրված լինեն տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Մենք առաջարկում ենք, որ անկախ հանձնաժողովի ցանկացած որոշում բողոքարկման հնարավորություն ունենա: ՍԴ-ն որոշել էր, որ նման սահմանափակումը հակասահմանադրական է, ինչն այդպես էլ չփոխվեց»,-ասաց դիտորդը:

Դիտորդական խումբը հայտնեց, որ ՔԿՀ-ներում լուրջ խնդիր է գերբնակեցումը, Հանրապետության գրեթե բոլոր քրեակատարողականներում գերբնակեցում է: 2014 թվականի մարտի դրությամբ Վարդաշեն, Նուբարաշեն, Սևան, Կոշ, Վանաձոր և Հրազդան ՔԿՀ-ները գերբնակեցված են: Սա նաև առաջացնում է մի քանի այլ լուրջ խնդիրներ, մասնավորապես առողջական:

«Մեծ խնդիր է նաև բուժսպասարկման ձևը, Վանաձոր ՔԿ-ում արդեն երեք տարի բժիշկ չկա: Շենքային պայմանները նույնպես խնդիր են, օրինակ Գորիսի ՔԿՀ-ն 1800-ականներին է կառուցվել, և այստեղ սպիտակ թուղթը մեկ շաբաթ հետո դեղնում է: Գերխնդիր է նաև ցմահ դատապարտյալների հարցը: Շատերը 20 տարի պատիժը կրելուց հետո չեն կարողանում դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար, այն էլ այն պատճառաբանությամբ, որ հեռախոս են պահում իրենց մոտ: Դատապարտյալների մեծ մասը սննդի հետ կապված են բողոքում, հիմնական մասը տանից բերված կամ դրսից բերվածն է ուտում, միայն նրանք, ովքեր չեն կարողանում դրսից ստանալ, ստիպված ուտում են»,-իր խոսքում նշեց խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը, ով հավելեց նաև, որ դատապարտյալների մոտ վախի մթնոլորտ կա, ինչի արդյունքում իրենք իրենց խնդիրների մասին չեն բարձրաձայնում:

Տաթև Հարությունյան




Լրահոս