Պետք է բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. «քառյակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական չորս ուժեր ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է  40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ:

Մենք արձանագրում ենք.

1.      Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները անհամոզիչ են և անընդունելի:

  2.      Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է:

3.      Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները՝ մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը:

4.      Էլեկտարաէներգետիկ համակարգում ֆինանսական ¦ճեղքվածքը§ հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ՝ բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը:  

ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

1.      Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին:

2.      Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ:

3.      Մինչև վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:   Միաժամանակ քառյակը դատապարտում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունները: 





Լրահոս