ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են: Հեռանկարային առումով բարձր եմ գնահատում Արցախի կառավարության աշխատանքը. կա երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսությունը զարգացնել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական, ինչպես նաև անվտանգության խնդիրները լուծել: Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր առջև խնդիր է դրել, որպեսզի համագործակցությունն ամրապնդի և մենք ունենանք հզոր Արցախ և´ անվտանգության, և´ տնտեսության զարգացման առումով», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Խոսելով, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի մասին՝ Հայաստանի վարչապետն ասել է. «Մերգյուղատնտեսության նախարարություններն ունեն բազմաթիվ ծրագրեր, և Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցելու Արցախի կառավարությանը, որպեսզի լիարժեք օգտագործվեն հողային ռեսուրսները: ՀՀ–ում նույնպես պետք է ակտիվացնենք և զարգացնենք գյուղատնտեսությունը, քանի որ մեր հողերի մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում»: Ոլորտում կապերի աշխուժացման նպատակով վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ծրագրերը պետք է համապատասխանեն առկա հնարավորություններին և վստահեցրել, որ դրանք հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն:
«Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար: Դա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի», – նշել է վարչապետ Աբրահամյանը: