ԱՍՏՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ` ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր փաստ` այսօր շատ սերիալներում եւ ֆիլմերում նկարահանվում են հայտնի մարդկանց երեխաները. երգչուհի Զարուհի Բաբայանի աղջիկը` փոքրիկ Սոֆի Դեւոյանը, նկարահանվել է «Որբերը» եւ «Աննա» հեռուստասերիալներում, իսկ հիմա նկարահանվում է  «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալում: Գեղեցկուհի Իրինա Թովմասյանի աղջիկը` ութնամյա Մեգին, նկարահանվում է «Աննա» սերիալում…Ինչպես զրույցի ընթացքում պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, երեխաների ծնողները ամենեւին էլ դեմ չեն, որ նրանց փոքրիկները նկարահանվում են հայկական սերիալներում` չնայած որ հեռուստասերիալներին հասարակությունը միշտ չէ, որ դրական է արձագանքում: Իրինա Թովմասյանի խոսքերով` իր աղջիկը շատ մեծ խանդավառությամբ է մասնակցում նկարահանումներին. «Չեք պատկերացնի, թե ինչ ոգեւորությամբ է պատրաստվում նկարահանման օրերին: Մեգիի մոտ լավ է ստացվում, մեկ դուբլից նկարում են: Նույնիսկ մինչեւ նկարահանումները աղջիկս շատ ծանրաբեռնված էր` երկու տեղ պարի էր գնում, դասի էր գնում: Հիմա պարի չի գնում, որ հասցնի դասերն ու նկարահանումները», – նշեց Իրինան: Նախքան նկարահանումները Իրինան ծանոթացել է սցենարին եւ չի գտել այնպիսի մի բան, ինչի համար կարելի էր մերժել առաջարկը: Մտավախություն էլ չի ունեցել, որ միգուցե հասարակությունը  ճիշտ չընկալի երեխայի նկարահանման փաստը:  Իրինան նաեւ մտաբերեց. «Մեր ժամանակ էլ էր այդպես: Երբ ես եւ քույրս մասնակցում էինք գեղեցկության մրցույթներին, բոլորը չէ, որ դրական վերաբերմունք ունեին այդ մրցույթների մասին:  Մենք մրցույթների էինք մասնակցում, բայց եւ ստանում էինք մասնագիտություն: Մեկը մյուսին չէր խանգարում: Դա հոբբիի նման մի բան էր: Հետո էլ իմ աղջիկը շատ խելացի է: Ինքը գիտի, թե ինչ է ուզում: Հաճախ է կրկնում, որ «մեկ ա բժիշկ եմ դառնալու»: Նկարահանումների յուրաքանչյուր օրվա համար էլ Մեգին ստանում է նաեւ փոքրիկ հոնորար` 5000 դրամ, որը մայրիկի հավաստմամբ, երեխան հավաքում է ու հետո էլ գնում այն, ինչ ուզում է: «Իր հավաքած գումարով «սամոկատ» է գնել իր համար:  Մեգին շատ էր ուզում «սամոկատ» ունենալ, բայց ես նրան համոզում էի, որ սպասենք մինչեւ գարուն: Հիմա էլ ինքը նորից գումար է հավաքում, որ իր համար համակարգիչ գնի: Մենք իրեն չկարողացանք հետ համոզել: Նոր տարուն էլ իր գումարով մեզ բոլորիս նվերներ գնեց», – պատմեց Իրինան:Զարուհի Բաբայանի դստրիկն էլ սկսել է նկարահանվել 6 տարեկանից: Ինչպես նշեց Զարուհին. «Դա եղել է Սոֆիի ցանկությամբ, նրան ոչ ոք չի ստիպել: Ի տարբերություն շատ շատերի, ես դրական վերաբերմունք ունեմ հայկական սերիալների նկատմամբ: Դա լավ երեւույթ է ու պետք է լինի»:Զարուհին նկատեց նաեւ, որ փոքրիկ Սոֆին «Որբերի» նկարահանումների ժամանակ այնքան էր կապվել նկարահանող խմբի հետ, որ երբ նրան առաջարկեցին նկարահանվել «Աննա» սերիալում, նա միանգամից համաձայնվել է: «Սոֆին շատ է սիրում նկարահանվել, ուզում է դառնալ կա՛մ դերասանուհի, կա՛մ դիզայներ: Նրա ծնված օրվանից էլ ես ասել եմ, որ շատ կուզենայի տեսնել նրան արվեստի բնագավառում, կուզեմ, որ իմ աղջիկը շփվի արվեստի հետ: Հետաքրքիրն այն է, որ երեխան հեչ չի ուզում երգչուհի դառնալ», – բացահայտեց Զարուհին:Չգիտես ինչու, փոքրիկ Սոֆիին միշտ դրամատիկ դերեր են բաժին հասնում: Չնայած որ երեխան ցանկություն է հայտնել մարմնավորել ավելի թեթեւ կերպարներ: Զարուհու պնդմամբ. «Սոֆին հանգիստ երեխա է, նույնիսկ մի քիչ ամաչկոտ, բայց նկարահանումներից հետո ավելի ակտիվ ու շփվող է դարձել: Իսկ նկարահանումներից ստացած հոնորարը Սոֆին հավաքում է, որպեսզի իր սենյակը ձեւավորի իր ճաշակով:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս