«ԴԵՄ ԵՄ»-Ը ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՈՐԱԿՈՒՄ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ 5 խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նոր նախագիծը: Դրանից հետո վարչապետը նոր նախագիծը քննարկել է նաեւ առանձին` ՀՀԿ-ականների հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականներն այդքան էլ գոհ չեն եղել նոր նախագծից ու որեւէ համաձայնության չեն եկել:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ՝ պարզելու, թե, ի վերջո, ինչ եզրահանգման են եկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում:
-Պարոն Հակոբյան, արդեն տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ում քննարկում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Ի վերջո, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ վարչապետի հետ ի՞նչ եք քննարկել ու ի՞նչ եզրահանգման եք եկել:
-Այդ հարցը քննարկվել է ԱԺ տարբեր խմբակցությունների հետ ու առաջարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություն կատարել հետեւյալ սկզբունքով. պետական համակարգում պարտադիր, իսկ մասնավոր համակարգում կամավոր ձեւաչափով: Մենք ներկայացրել ենք, որից հետո որոշվել է, որ խմբակցությունները պետք է քննարկեն այս հարցը ու իրենց կարծիքներն ասեն, որ կարողանանք վերջնական որոշում կայացնել:
-Կարելի՞ է ասել, որ ՀՀ կառավարությունը գտնում է, որ սա միակ տարբերակն է ու օրենքը պետք է գործի Ձեր նշած սկզբունքներով:
-Բայց մենք որեւէ բան չենք ասում, եթե կան առաջարկներ, ապա կարող են մյուսներն էլ իրենց տարբերակն առաջարկել: Մյուսները թող ասեն կողմ են, թե դեմ են: Իսկ եթե կա այլ տարբերակ, թող առաջարկեն իրենց տարբերակը, մենք այդ հարցում որեւէ բան չենք ասում: Մենք պատրաստ ենք առաջարկված տարբերակները քննարկել: Իսկ ինչ վատ կլինի, եթե նրանք, ովքեր առաջարկություն ունեն ներկայացնեն քննարկման: Կարծում եք՝ դա վա՞տ է: Մենք ներկայացնում ենք, իրենք ասում են՝ հա կամ չէ, թող մի անգամ էլ իրենք ներկայացնեն, ինչ կլինի որ:
-Բայց Քառյակն արդեն ՀՀ կառավարությանը ներկայացրել է 12 կետից բաղկացած պահանջագիր, որով հստակ պահանջում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը:
-Պարտադիր բաղադրիչը հանելն իրենք հիմնավորել են նրանով, որ «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական է, իսկ ես էլ ասում եմ, որ Սահմանադրական դատարանի կողմից նման որոշում չկա: Ես կրկնում եմ՝ «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական չէ:
-Փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշխանություններն արդեն հրաժարվու՞մ են կատարել Քառյակի 12 պահանջներից մեկը:
-Այսինքն, ո՞նց չենք կատարում, ես արդեն ասացի, որ պետությունն իր մասով իր աշխատողների համար կիրառելու է պարտադիր վճարումը, իսկ ոչ պետական համակարգում կիրառվելու է կամավոր վճարումը: Ցանկացած պետություն իր աշխատողի համար ունի կենսաթոշակային կամ որեւէ սոցիալական արտոնություն, որը պարտադիր է: Պետությունը դա կարող է անել ու դա շատ երկրներում գոյություն ունի: Ես կրկնում եմ, եթե որեւէ մեկը առաջարկության հետ համաձայն չէ, կարող է քննարկել ու այդ առաջարկությունները ներկայացնել, մենք պատրաստ ենք լսել իրեն: Մենք այն դրել ենք քննարկման, մենք չենք տվել ու ասել՝ վերջ, սա է:

«Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք իրենց բավարարո՞ւմ է նոր նախագիծը:
-«Դեմ եմ» նախաձեռնությունը ծանոթացե՞լ է կուտակային կենսաթոշակային համակարգի նոր նախագծին, որը պետք է հունիսի 18-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվի: Այն բավարարո՞ւմ է «Դեմ եմ» նախաձեռնության պահանջներին:
-Ես դա որակում եմ որպես խայտառակություն, հիմա էլ տարբերություն են դնում պետական աշխատողների եւ մասնավոր աշխատողների միջեւ, իսկ երկրորդն էլ՝ կիրառում են նորից հակասահմանադրական ճանաչված օրենքը: Այսինքն՝ այս իշխանությունները բացարձակ հաշվի չեն առնում որեւէ բան, երբ կա սահմանադրական դատարանի որոշում, կա ժողովրդական ընդվզում: Իրենք դնում ու նորից կիրառում են հակասահմանադրական օրենքը: Այսինքն՝ այն, ինչ իրենք ասում էին, դա սուտ էր:
-Բայց կառավարությունը հայտարարում է, որ պատրաստ են լսել նոր առաջարկներ, պատրաստվո՞ւմ եք ներկայացնել Ձեր առաջարկը:
-Իրենք դա ընդամենն ասում են ասելու համար, դա իրենք որպես «տրյուկ» են կիրառում: Իրենք լսում են, բայց ինչն իրենց է պետք դա են անում: Ամեն անգամ, երբ մենք հանրահավաքներ ենք անում, իրենք ամեն անգամ ասում են՝ եկեք աշխատանքային խումբ ստեղծեք, բարձրացեք մեզ մոտ հասկանանք՝ ինչ եք ուզում, այսինքն՝ իրենց դնում են հիմարի տեղ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս