ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԱՆՀԱՅՏ Է

Ստեփանակերտի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում, երեկ կայացավ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի գործով դատավարությունը: Արցախից, «Ժողովուրդ»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վիտալի Բալասանյանը դատարանում հայտարարեց, որ իր դեմ իրականացված սպանության փորձի հետեւում կան պատվիրատուներ, իսկ թե ովքեր են նրանք, առայժմ ոչինչ չի կարող ասել.«Դուք ինձ աշխարհում ցույց տվեք մի պրակտիկ օրինակ, երբ մարդուն 700.000 դրամի համար կցանկանան սպանել, չկա նման բան, ուստի այս ամենի շարժառիթն այլ է եղել եւ սա պատվեր է»: Նախագահող դատավոր Անատոլի Թադեւոսյանի այն հարցին, թե Վիտալի Բալասանյանն ունի՞ ապացույցներ, թե ովքեր են կանգնած պատվերի հետեւում, պատգամավորն ասաց. «Առայժմ ոչ»: Իսկ թե ինչ են մտածում ամբաստանյալ Արա Ավետյանի հարազատները, եւ արդյոք ամբաստանյալները խոստովանո՞ւմ են, որ պատվեր են կատարել, թե ոչ, մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:

ԱՎԱՆԴԱԲԱՐ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երեկ նիստ էր անցկացնում, որի ժամանակ քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող կառավարության նոր ծրագիրը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ նիստը նախատեսված է անցկացնել 16:30` կուսակցության կենտրոնական գրասենյակում: Նշենք, որ նիստը վարել է անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների վերաբերյալ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ, ի թիվս շատ հարցերի, անդրադարձ է կատարվել հատկապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կառավարության նոր նախագծին: «Հայեցակարգի ուսումնասիրության արդյունքում նկատվել է որոշակի տեղաշարժ, բայց նախագիծը կներկայացվի վաղը: Մենք պատրաստ ենք այն ուսումնասիրել եւ կայացնել որոշում: Բնական է, որ որոշումը կայացվելու է հանրային շահերի սպասարկման շրջանակներում: Քանի որ այսօր տեսանելի չէ, թե ինչ է ներկայացվելու, ես չեմ շտապի ինչ-որ բաներ ասել»,-նշել է նա: Նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ 5-րդ նստաշրջանի աշխատանքներին: «Քանի որ ավարտվել է նստաշրջանը, անհրաժեշտություն կար ամփոփել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այս ընթացքում, նաեւ՝ քննարկել դեռեւս չլուծված հարցերն ու խնդիրները: Որոշում է ընդունվել ամռան ընթացքում նույնպես շարունակել աշխատանքները, քանի որ հրատապ խնդիրները չեն կարող մնալ մինչեւ աշուն»,-ընդգծել է Ուրիխանյանը:




Լրահոս