ԻՆՉՊԵՍ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԿԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը տասը զոհերի արյան գնով զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը, իր պաշտոնական, անձնական ու մասնագիտական ռեսուրսները կենտրոնացրեց մեկ գերխնդրի վրա` ինչպես պահպանել վերցրած իշխանությունը: Այսօր, երբ իր պաշտոնավարմանը մնացել է 4 տարի, կարծես թե նա ամենաքիչն է մտածում այդ մասին: Մինչդեռ հիմա Սարգսյանի իշխանությանն ամենամեծ վտանգն է սպառնում առավել քան երբեւէ:

Ինչո՞ւ: Փորձենք տրամաբանել: Ակնհայտ է, որ ոչ իշխանական Քառյակի իրական նպատակը Տիգրան Սարգսյանին գահընկեց անելն էր ու Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելը: Սա հասկանալու համար առանձնապես մեծ վերլուծական կարողություններ պետք չէ ունենալ: Անգամ ԲՀԿ-ական ու դաշնակցական պատգամավորներն իրենց մասնավոր զրույցներում չեն թաքցնում իրողությունն այն մասին, որ իրենք արեցին հնարավոր ամեն ինչ` Հովիկ Աբրահամյանին վարչապետ դարձնելու համար: Իսկ երկրի տնտեսությունը քայքայելու մասին մտահոգություններն ընդամենն ամբոխահաճո հայտարարությունների անհրաժեշտություն էր:
Եվ այստեղ առաջանում է ամենագլխավոր հարցերից մեկը. ինչո՞ւ եւ ինչպե՞ս հենց Հովիկ Աբրահամյանը դարձավ Քառյակի համար ցանկալի թեկնածու: Նախ՝ նա մարդկային իր շփումներում անկաշկանդ է եւ կարողանում է բոլորի հետ «լեզու գտնել», շատ արագ դաշնակցային հարաբերություններ հաստատել: Ու այդ առումով Քառյակում գտնվող ուժերից ու գործիչներից որեւէ մեկի հետ շփումը չէր կարող նրա համար խնդրահարույց լինել` առավելեւս, որ նա թաքուն համոզել է գրեթե բոլորին, որ եթե ինքը վարչապետ դառնա, Քառյակի իրական նպատակը` Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու մասով, առավել հեշտ կստացվի: Հիմա եկել է պահը` ծրագիրն իրագործելու համար: Բայց նա միաժամանակ կարողանում է վստահելի լինել նաեւ Սերժ Սարգսյանի համար:
ՀՀ կառավարության գրեթե բոլոր անդամները նշանակվեցին Հովիկ Աբրահամյանի ճաշակով: Հետեւաբար նրանք ընդունելի ու ընկալելի են Աբրահամյանի համար: Առավելեւս, որ բոլորն էլ սկսել են կամաց-կամաց հասկանալ, որ Սերժ Սարգսյանը գնացող է, ու պետք է Հովիկ Աբրահամյանի հետ լավ հարաբերություններ պահպանել` ապագայում առաջընթացն ապահովելու կամ գոնե ներկայիս կարգավիճակը պահպանելու համար:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն այս օրերին բացի վարչապետական գործառույթներից, զբաղված է նաեւ իր ապագային միտված հստակ ծրագրերի իրականացմամբ: Նա Հանրապետական կուսակցության ներսում իր համար հենարան թիմ է ձեւավորում, որն, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, առավել առարկայական դրսեւորումներ է ունենում: Եվ շատ ՀՀԿ-ականներ արդեն վստահ են, որ կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանը կկարողանա ՀՀԿ-ն տանել Սերժ Սարգսյանի «տակից»:
Վերլուծելով նորանշանակ վարչապետի գործունեությունը, կարելի է վստահ ասել, որ նա նվազագույնն իր առջեւ խնդիր է դրել 2018-ի նախագահական ընտրություններին ընդառաջ դառնալ Սերժ Սարգսյանի այլընտրանքային իրավահաջորդը: Իսկ առավելագույնը մինչեւ ընտրություններ իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել` ներիշխանական հեղաշրջման միջոցով: Եվ ահա այս երկու նպատակներին հասնելու համար էլ Աբրահամյանին խանգարում են ուժային կառույցների ներկայիս ղեկավարները: Ե՛վ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ե՛ւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին Աբրահամյանը որեւէ կերպ չի կարողանում դարձնել իր ենթական այնպես, ինչպես, օրինակ, նախկինում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էր: Գասպարյանի ու Հակոբյանի տեսակները միանգամայն տարբեր են: Դրա համար էլ Աբրահամյանը քայլեր է իրականացնում` նրանցից ազատվելու համար: Նա ուժային կառույցների ղեկավարների փոփոխության անհրաժեշտություն է բարձրացրել ՀՀ նախագահի նստավայրում` բացատրելով, որ դա պետք է ՀՀ կառավարության նկատմամբ առկա հասարակական անվստահությունը վերացնելու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է ՀՀ ոստիկանապետ նշանակել կամ իր համերկրացի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, կամ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Իսկ ԱԱԾ պետի պաշտոնում` ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանին (կրակեմ Հրաչ): Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանն ասել է, թե մինչեւ աշուն կմտածի` ինչ անել ուժային ոլորտների պատասխանատուների հետ:
Ասել է թե` մինչեւ աշուն պարզ կլինի Սերժ Սարգսյանն իրականում նպատակ ունի՞ իր իշխանությունը հանձնել Հովիկ Աբրահամյանին եւ նրա խնամու կողմից դե ֆակտո ղեկավարվող Քառյակին, թե՞ դեռ կշարունակի նույն եռանդով պաշտպանել ձեռքբերած իշխանությունը, ինչպես անում է 6 տարի շարունակ:
Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից ճշտել՝ ի՞նչ է կարծում, Հ. Աբրահամյանին կհաջողվի՞ ներկլանային հեղաշրջում իրականացնել՝ գերիշխող դիրք գրավելով ՀՀԿ-ում: «Ճիշտն ասած, ինձ համար այդ հարցն ընդհանրապես անհասկանալի է: Գիտեք, հետաքրքիր բան է ստացվում մեզ մոտ. ով փորձում է ավելի շատ ակտիվ գործել, ավելի արդյունավետ գործել` փորձում են անպայման մի բան կպցնել` առանց հաշվի առնելու, որ այսօր ընդամենը մարդը ստանձնել է վարչապետի պաշտոնը, իր վրա պատասխանատվություն է վերցրել, որպեսզի կարողանա ինչ-որ խնդիրների ավելի արագ, ավելի տեսանելի լուծում տալ, ինչու եք փորձում ինչ-որ բաներ կպցնել: Մտահղացումներ են մարդկանց մոտ առաջ գալիս, փորձում են հերթական անգամ իրենց ուտոպիական մտքերը հանրությանը տրամադրել»:
Իսկ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն էլ նախ անլուրջ համարեց մեր հարցադրումը, ապա ասաց, որ «Հովիկ Աբրահամյանը գերիշխող դիրք է գրավում հանրապետականների շրջանում եւ այդ գերիշխանությունը տրված է նրան: Նախագահն ամբողջովին վստահում է եւ համատեղ աշխատանքների ընթացքում է նա ձեռք բերել այդ վստահությունը Սերժ Սարգսյանի մոտ»:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս