ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՅԺՄ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ

«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած բնակիչները մտահոգված են, քանի որ «Արցախբանկ»-ի բաժնետեր Հրաչ Կապրիելյանը մեկնելու է Երեւանից եւ իրենք նորից հայտնվելու են անորոշ դրության մեջ: Ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր արդեն հույսները կտրել են, որ երբեւէ կստանան իրենց բնակարանները կամ էլ գումարները: «Ժողովուրդ»-ը տուժած բնակիչներից տեղեկացավ, որ առայժմ «Արցախբանկ»-ն իրենցից պահանջում է հայտեր ներկայացնել . բնակարա՞նն են ցանկանում, թե՞ գումարը: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ից ժամանել էր «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ «Ավի» ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը, ով էլ բնակիչների հետ կայացած հանդիպմանը խոստացել էր, որ այս հարցին լուծում կտրվի:

ԱՆԿԱՆՈՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Նախօրեին, Էջմիածնի տարածաշրջանի որոշ համայնքների բնակիչներ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեցին, որ «Էջմիածին-Ապագա-Ջրարբի» հասարակական տրանսպորտն անկանոն է աշխատում: Արդյունքում բնակիչները ստիպված են լինում մի քանի հոգով հավաքվել ու տաքսիներով գնալ տուն կամ աշխատանքի: Ահազանգած բնակիչների խոսքով՝ լինում է նաեւ, որ ավտոբուսը մեկ-երկու օրով չի աշխատում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ապագա համայնքի ղեկավար Արտաշ Բարսեղյանի հետ, ով էլ ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու Ապագայի հարեւան համայնքների ղեկավարները չեն զբաղվում իրենց գյուղացիների խնդրով: Եթե չի աշխատել, ես ձեզ խոստանում եմ, որ վաղն աշխատելու է: Բայց իմ տեղեկությամբ՝ նման բան չկա: Բացի այդ, մեր գյուղից վարչական ապարատում այնքան մարդիկ կան աշխատող, որ ամեն մեկը մի քանի հոգու տանի քաղաք, հետո գյուղ բերի, ավտոբուսի կարիք էլ չի լինի: Բայց եթե չի աշխատել, ուրեմն՝ տեխնիկական խնդիր է եղել: Կաշխատի»:

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՐ ՀԵՏԵՎԻՑ

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Գ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլին, գիշերը՝ ժամը 23.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայից մտել է Արշակունյաց փողոցի տներից մեկի բակ, գողացել մետաղյա խողովակներ, որից հետո նստել է «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենա եւ ուղեւորվելով դեպի Բագրատունյաց փողոց` այդ ընթացքում հասցրել է գողանալ նաեւ վարորդի բջջային հեռախոսը: Պարզելու համար, թե ով է եղել հաջորդ «զոհը», ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ նոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս