ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն: Նրանք արդեն 37-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ ստացավ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն, ով ձեռքով հարվածեց Տոմաս Մյուլերի դեմքին, հետո էլ գլխով խփեց ֆուտբոլիստի գլխին: Գերմանիայի հավաքականն առաջին գնդակը խփեց 11 մետրանոցից, որը վաստակեց Մարիո Գյոտցեն: Հարվածը դիպուկ իրացրեց Թոմաս Մյուլերը: Հաշիվը կրկնապատկեց Մատս Հումելսը, ով աչքի ընկավ անկյունայինից Կրոոսի կատարած փոխանցումից հետո: Երրորդ գնդակը կրկին խփեց Թոմաս Մյուլերը: Երկրորդ խաղակեսում գրանցվեց չորրորդ գոլը եւ նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

ԲՐԱԶԻԼԱՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ ԿՐԱԿԵԼ Է

Բրազիլիայի ոստիկանությունը խոստացել է հետաքննել այն տեղեկությունները, ըստ որոնց՝ երկրում ֆուտբոլի առաջնության անցկացման դեմ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանը մարտական փամփուշտներով կրակել է ամբոխի վրա: Առաջնության՝ Բրազիլիա-Խորվաթիա առաջին խաղի օրը մոտ 300 մարդ երթով անցել է Ռիոյի Կապակաբանա լողափով, այնուհետեւ՝ ուղղվել դեպի ֆան-գոտի, ուր հարյուրավոր երկրպագուներ դիտում էին մեկնարկային խաղը: Ոստիկանությունը կանխել է բախումները: «Ասոշիեյթեդ պրեսս» գործակալության կողմից հրապարակված տեսանյութում կադրեր կան, որոնց վրա պատկերված տղամարդը, ենթադրաբար` ոստիկանը, ատրճանակից կրակում է ամբոխի վրա:

60 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՖԱԼԿԱՈՅԻ ԴԻՄԱՑ

«Մոնակո»-ն պատրաստվում է վաճառել Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: Ֆալկաոյի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչն առանձնապես չի ցանկանում համագործակցել վնասվածքից հետո ապաքինվող ֆուտբոլիստի հետ: Ֆալկաոն եւս դեմ չէ լքել թիմը: Նրան գնելու մեծ ցանկություն ունեն «Ռեալ»-ը, «Չելսի»-ն եւ «Արսենալ»-ը: Նշենք, որ անցած մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներում Ֆալկաոն դարձել է 11 գոլի հեղինակ:




Լրահոս