ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՇԽԱՏԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ չհամակերպված գազի եւ էլէներգիայի անցած տարվա թանկացումների հետ` ՀՀ քաղաքացիներն առաջիկայում կկանգնեն էլէներգիայի նոր թանկացման փաստի առջեւ: «Ժողովուրդ»-ը փորձել է շոու բիզնեսի ներկայացուցիչներից պարզել, թե որքանով են անցած ամիսների թանկացումներն ազդել նրանց սոցիալական վիճակի վրա եւ ինչպես են նրանք պատրաստվում դիմակայել նոր թանկացումներին:

Սուրեն Թադեւոսյանը շատ վատ է վերաբերվում էլէներգիայի առաջիկա թանկացմանը եւ ուղղակի չգիտի, թե ավելի ինչ ասել: Պրոդյուսերի վրա եւս անդրադարձել են թանկացումները, քանի որ նա էլ, բոլորի նման, ամեն ամիս վճարում է բոլոր կոմունալ վարձերը, որոնք, նրա կարծիքով, միայն անիմաստ մեծանում են: Այնուամենայնիվ, պրոդյուսերը նշեց, որ ինքն արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է արտասահմանում կամ էլ արտասահմանյան պատվիրատուների համար, եւ դա նրան ինչ-որ կերպ թույլ է տալիս դեռ չմտածել այստեղ տիրող թանկացումների մասին:

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի կարծիքով՝ սա ուղղակի հերթական անհիմն հարվածն էր մեր բազմաչարչար հասարակությանը: Ըստ նրա` տարածաշրջանում միակ ատոմակայանն ունեցող երկիրն իր հասարակության հետ նման կերպ վարվելու իրավունք չունի: Նա ավելացրեց նաեւ, որ ինչպես բոլորի, այնպես էլ իր վրա ուղղակիորեն անդրադարձել են թանկացումները, քանի որ ո՛չ իր աշխատավարձը, եւ ո՛չ էլ կենսական պայմանները մյուսներից բնավ չեն տարբերվում:

Բլոգեր Տիգրան Քոչարյանի համար գազի կամ հոսանքի թանկացումները դեռ ինչ-որ տեղ ընդունելի են, քանզի դրանց ծախսը կանխատեսելի է, իսկ ահա անկանխատեսելի եւ անհաշվարկելի թանկացումներն ուղղակի անընդունելի են: Բլոգերին հատկապես հուզում է այնպիսի ապրանքների թանկացումը, որոնց գների բարձրացման համար որեւէ հիմնավորում չի ներկայացվում: Որպես օրինակ՝ նա նշեց սուրճը կամ կաթնամթերքը:
Ըստ դիզայներ Ֆաինա Հարությունյանի` ցանկացած թանկացում ուղղակիորեն ազդում է բնակչության՝ առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակի վրա, ուստի բացառապես բացասական կերպով է ընդունվում: Նա շեշտեց, որ այս հարցը հատկապես իրեն է վերաբերվում, քանի որ ինքը սպառում է էլեկտրաէներգիա ոչ միայն որպես քաղաքացի, այլ նաեւ որպես կազմակերպության ղեկավար: Ֆաինան փորձում է թանկացումներին դիմակայել ավելի շատ աշխատելով:

ԱՆՈՒԿ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ




Լրահոս