ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մաքսային միությանն անդամակցելը, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ուղղված է ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ՝ կայուն տնտեսական աճի եւ մրցունակ տնտեսություն ստեղծելու համար»:

Տիգրան Սարգսյան

Ինչպե՞ս հասկացնել այս մարդուն, որ ինքն ընդունակ չէ կայուն եւ մրցունակ տնտեսություն ստեղծել, իր մոտ լավ է ստացվում միայն տապալելը, քայքայելը, արտագաղթի ծավալներն ավելացնելը, նաեւ լավ է ստացվում օֆշորային գոտում ընկերություններ գրանցելը, բյուջեից գումարներ փոշիացնելը եւ, ինչու ոչ, նաեւ կիթառ նվագելը: Մի խոսքով, տաղանդներ շատ ունի, սակայն այդ տաղանդները չի ծառայեցնում հօգուտ ժողովրդի, այլ միայն իր եւ իր թիմակիցների շահերին, ինչի փայլուն ապացույցն է դեռ ոչ հեռավոր անցյալում նրա եվրոպական դիրքորոշումը եւ հանկարծակիորեն փոխելը:
«Ես ասում եմ աշխատավարձերի չափի սահմանման հիմքում ընկած գործոնները՝ գիտելիքներ, ծանրաբեռնվածություն, ազդեցություն, պատասխանատվություն եւ այլն»:

Վաչե Գաբրիելյան 1in.am

Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշում է հենց այն գործոնները, որոնք մեր պատգամավորների եւ նախարարների զգալի մասի մոտ կա՛մ թերի են, կա՛մ էլ իսպառ բացակայում են: Ի՞նչ գիտելիքներ են հաշվարկվում աշխատավարձ սահմանելիս, երբ ունենք պատգամավորներ եւ պաշտոնյաներ, ովքեր չեն կարողանում 2 նախադասություն միմյանց կապել կամ հոդաբաշխ միտք արտահայտել: Կամ ի՞նչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը, կազինոներ գնալո՞ւ: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա նույն ինքը՝ Վաչե Գաբրիելյանը, որքանո՞վ է ծանոթ այդ զգացմանը հատկապես քաղաքացիների նվազագույն աշխատավարձը սահմանելիս:

 «Նախագահն առաջին հերթին նայում է իր երկրի շահին: Թե ինչ պետք է ստանա Հայաստանն անդամակցության արդյունքում, կասեն փորձագետները. նախագահի ապարատը, խորհրդատուները եւ բոլորը երկար ուսումնասիրելուց հետո եկել են այն եզրակացության, որ ՄՄ մտնելը մեր երկրի շահերից է»:

Արա Աբրահամյան 168.am

Սերժ Սարգսյանին եւ Վլադիմիր Պուտինին փառաբանելը, նաեւ նրանց անձնական օմբուդսմենի դերը ստանձնելը Ռուսաստանի հայերի միության նախագահի համար դարձել է մասնագիտություն, ինչը շատ տրամաբանական է, քանի որ Արա Աբրահամյանի ղեկավարած կառույցն իրականում առանձնապես պիտանի բանով չի զբաղվում, ոչ մի օգուտ չի տալիս, եւ, հետեւաբար, պարապ ժամանակը լցնելու համար պետք է ինչ-որ զբաղմունք ստեղծել: Ահա եւ զբաղմունքը՝ իշխանապաշտ եւ անիմաստ մտքեր արտահայտելը, երկրի շահերից խոսելը, սակայն, երկիր ասելով, պատկերացնել միայն սիրելի ու պաշտելի իշխանություններին, այլ ոչ թե ժողովրդին:

         ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս