«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ԼՂՀ-ում գործող ընկերությունների ճակատագրի հարցը:
Նույնիսկ կա նախնական որոշում, որ առաջիկայում Ղարաբաղում գործող ընկերությունները փոխելու են իրավաբանական իրենց հասցեները՝ գրանցվելով Հայաստանում եւ այդպիսով դառնալով հայաստանյան ընկերության ղարաբաղյան ներկայացուցչություն: Սա հնարավորություն կտա, որպեսզի այդ ընկերությունները եւս ազատորեն օգտվեն ԵՏՄ ընձեռած հնարավորություններից:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի հերքել այս լուրերը: «Սպասեք, օրը կգա՝ բարին հետը»,- ասաց նա՝ չմանրամասնելով իրենց քննարկումների բովանդակությունը:
Այսինքն՝ գնալով հստակեցվում է, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի սահմանագծում, այնուամենայնիվ, ինչ-որ ֆորմատով տարաբաժանում է լինելու»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: