ԱԺ-ի անհեթեթ կանոնակարգերը․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականը կրճատումներով.

«Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ մեր քաղաքացիների մի խումբ մանրադրամ է շպրտում մեր այլ քաղաքացիների երեսին՝ անկախ այն հանգամանքից, որ առաջինները «ակտիվիստ» են, իսկ երկրորդները՝ նախարար կամ պատգամավոր: Տվյալ դեպքում ինձ համար նշանակություն չունի նաև, որ առաջիններն իրավացի են, իսկ երկրորդները՝ ոչ:

Իմ կարծիքով՝ ոչ այնքան բարձրորակ լրագրություն է, երբ օլիգարխը Աժ-ում նստում է բազկաթոռին, իսկ նույն երիտասարդ լրագրողները հավաքվում են նրա շուրջը և սկսում են, թող ներվի ինձ այդ արտահայտությունը, «լկստվել» պատգամավորի հետ: Դա նույնպես, ի վերջո, վատ դաստիարակության նշան է:

Բայց ես դեմ եմ նաև այն միջոցներին, որոնք փորձում է ձեռնարկել իշխանությունը այդ բացասական երևույթների դեմ: Առաջին դեպքում դրանք «վարույթները» և դատերն են, որոնցով սպառնում են պատժել մանրադրամ շպրտող երիտասարդներին՝ դրանով իսկ բարձրացնելով վերջիններիս անդաստիարակությունը քաղաքական պայքարի մակարդակի:

Երկրորդ դեպքում դա անհեթեթ կանոնակարգն է, որով փորձում են սահմանափակել լրագրողների քանակը Աժ-ում: Նախ պահանջվող առնվազն 5 տարվա ստաժը ինքնին չի ապահովում լրագրողի մասնագիտական բարձր որակը՝ ես գիտեմ լրագրողների, որոնք 20 տարի են «լկստվում» խորհրդարանի միջանցքներում: Երկրորդ՝ լրագրողների և պատգամավորների միջև պատնեշներ ստեղծելը՝ սահմանափակելով լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժը Ազգային ժողովում, նշանակում է չափից դուրս կոմֆորտային պայմաններ ստեղծել երեսփոխանների համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս