Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը yerkir.am-ին տված իր հարցազրույցում անդրադարձել էր ընդդիմադիր քառյակի` իշխանությանն ուղղված 12 կետերին և պաշտպանել դրանցից գոնե չորսը: Այս հարցազրույցից հետո քննադատության ենթարկված գերատեսչությունների ներկայացուցիչները սկսեցին մեկը մյուսի ետևից արձագանքել երկրորդ նախագահի դիտարկումներին:
Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այդ գերատեսչությունների ներկայացուցիչներին նախագահի նստավայրից հրահանգված էր պատասխանել Քոչարյանի դիտարկումներին: Եվ այս հանգամանքը հենց ապացուցվում է իրար ետևից ներկայացվող պատասխաններով:
Նրա դիտարկումներին առաջինն անդրադարձավ ոչ ավել, ոչ պակաս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այստեղ հետաքրքիր է, որ այս պատասխանի միջոցով, կարծես թե, ցանկանում են նվազեցնել քաղաքապետի վարկանիշը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նախագահ Սերժ Սարգսյանն արգելել է քաղաքապետին քարոզչություն անել համացանցում կամ դիմել վարկանիշը բարձրացնող այլ միջոցների:
Նրա վարկանիշի բարձրացման փորձերն ակնհայտորեն դուր չեն գալիս նախագահին: Նա շարժվում է այս տրամաբանությամբ. եթե իմ վարկանիշը ցածր է, մեկ ուրիշինը չպետք է բարձր լինի: Որպես վարկանիշի իջեցման միջոց էլ հենց օգտագործվել է Քոչարյանին պատասխանելու տարբերակը:
Քոչարյանի դիտարկումներին հաջորդն անդրադարձավ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: Երկրորդ նախագահի` «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքի մասին հայտարարություններին անդրադարձավ նաև Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը: Չուշացավ նաև Վերահսկիչ պալատի պատասխանը: Հետաքրքիր է, որ այսպիսի զանգվածային պատասխան լինում է միայն Քոչարյանի հայտարարություններից հետո:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը բնական է համարում, որ ՀՀ երկրորդ նախագահի հայտարարություններին մշտապես արձագանք է լինում: «Իսկ ինչու չպետք է արձագանքվի», – armlur.am-ի հետ զրույցում զարմացած ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ նման հայտարարություններին միշտ էլ պետք է արձագանքել: «Ամեն մարդուն արձագանքելը մի քիչ անիմաստ է լինում, բայց եթե լինում են նման հայտարարություններ, որոնք փորձում են շոշափել ընդհանուր խնդիրներ, կարծում եմ՝ բնական է, որ իշխանությունները պետք է այդ հայտարարություններին արձագանքի», – ընդգծեց նա:
Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը Քոչարյանի հայտարարություններին այնքան էլ դրական չի վերաբերում: «Անկեղծ ասած կարծում եմ, որ երկրորդ նախագահը նման հարցերի հետ կապված ճիշտ չէ, որ հայտարարություն աներ: Որպես նախկին նախագահ նա չպետք է նման հարցերի անդրադառնար», – եզրափակեց նա: