Զինվորական մեքենան հայտնվել է արծվաբերդցու տան մեջ. զոհվել է 64-ամյա բուժակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ի սահմաններում, Բերդ քաղաքից Մեհրաբի զորամաս մեկնող զինվորական «ՈՒԱԶ» ավտոմեքենան  Արծվաբերդ գյուղի տարածքում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանը armlur.am-ի հայտնեց, որ զինվորական մեքենան երևի անսարք է եղել և բախվել է իր դիրքով ճանապարհից ցածր գտնվող, Ժորա Երիցյանին պատկանող առանձնատանը: Արդյունքում՝ տան 2-րդ հարկն ու տանիքն այրվել են:

Պատահարի հետևանքով զոհվել է Մեհրաբի զորամասի բուժակ, 64-ամյա Արևիկ Բաբասյանը:  Նա Արծվաբերդ գյուղի բնակչուհի է, ամուսնացած չէ: Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանից տեղեկացանք, որ այրվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 2 հոգի՝ մեքենայի վարորդ, ժամկետային զինծառայող Ալիկ Հարությունյանը և այդ զորամասի բուժկենտրոնի պետ Արման Բեջանյանը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 Ոսկան Սարգսյան




Լրահոս