ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե լսենք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գեղեցիկ ելույթները եւ հավատանք դրանց, ապա կստացվի, որ «մլիցայից դեպի ոստիկան» էվոլյուցիոն փուլը Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ ավարտվել է: Սակայն մասնավորապես դեկտեմբերի 2-ի դեպքերը եւ դրանց նախորդած էլի այլ դեպքեր ցույց տվեցին, որ հայրենի ոստիկանների մեջ, այնուամենայնիվ, դեռ շատ են «մլիցեքը»:

Դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված 110 ակտիվիստներից մի քանիսը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով ոստիկանության գործողությունները համարել են ոչ օրինաչափ եւ հակասահմանադրական: «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանների վարքի եւ քաղաքացիների նկատմամբ նրանց կողմից կիրառված բռնությունների առնչությամբ ոստիկանությունից այդպես էլ որեւէ պարզաբանում կամ պատասխան չեն ստացել, այնինչ կան տեսանյութեր, որոնցում ամեն ինչ հստակ երեւում է, եւ ըստ Մկրտչյանի` ոստիկանների կողմից միանշանակ կիրառվել է բռնություն, մինչեւ անգամ ծեծ: Ընդ որում, Ա. Մկրտչյանի խոսքով` հարվածել են նույնիսկ անչափահասների եւ աղջիկների, սակայն այդ ամենը եղել է ակտիվիստներին բերման ենթարկելիս մեքենաների մեջ, իսկ արդեն ոստիկանության բաժանմունքում բռնություն կիրառելու մասին որեւէ տեղեկատվություն չկա:
Հետաքրքիրն այն է, որ, ակտիվիստների վկայությամբ, քաղաքացիների հանդեպ բռնության դեպքերը տեղի էին ունենում հենց բարձրաստիճան ոստիկանների ներկայությամբ: Այսինքն, ինչպես կարծում է «Հայազն» կուսակցության անդամը, բռնություն կիրառելը ոստիկանական համակարգում կարծես թե դիտվում է սովորական երեւույթ: Մասնավորապես, ըստ Մկրտչյանի, բռնության շատ դեպքեր տեղի են ունեցել Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ներկայությամբ, որը չէր միջամտում, երբ քաղաքացիներին, այդ թվում լրագրողներին, բռնի կերպով բերման էին ենթարկում: Նման գործողությունների ներկա էր նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ում նույնպես կարծես թե բնավ չէր անհանգստացնում իր ենթակաների պահվածքը:
Սա է իրական պատկերը: Եվ եթե նախորդ «ներկայացումների» ժամանակ որոշ ոստիկաններ էին աշխատանքից ազատվում կամ տույժի ենթարկվում, ապա այս անգամ Արմեն Մկրտչյանն այլեւս նման լուծում չի սպասում:

                                ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս