ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑ ԿՈՆԳՐԵՍԻ ՔԱՅԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշելով գլխավորել ՀՀԿ համամասնական ընտրացուցակը` Սերժ Սարգսյանն, ըստ էության, հրաշալի նվեր է մատուցել ՀԱԿ-ին: Ինչպես հայտնի է` առաջիկա խորհրդարանական ընտրություններին Կոնգրեսը մասնակցելու է` նպատակ ունենալով այն վերածել Ս.Սարգսյանի հրաժարականի գործընթացի: Ու հիմա, գլխավորելով ՀՀԿ ցուցակը, Սարգսյանը դրանով լեգիտիմացնում է Կոնգրեսի նպատակները:
Ավելին, այդպիսով նա խորհրդարանական ընտրություններն անուղղակի կերպով վերածում է նախագահի ընտրությունների. այն, ինչի մասին ասում էր Կոնգրեսը: ՀՀԿ-ականներն, իհարկե, այս հանգամանքն այլ կերպ են մեկնաբանում. դասական մոդելի համաձայն` կուսակցության ցուցակը պետք է գլխավորի կուսակցության նախագահը:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով այս հանգամանքին, նշեց, թե առաջիկա ընտրություններում իրենց թիրախը լինելու է Ս.Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն: Ավելին, ըստ նրա` հենց Ս.Սարգսյանն ու ՀՀԿ-ն են ազատ եւ արդար ընտրությունների գլխավոր խոչընդոտը: Իսկ թե ինչու է հենց Ս.Սարգսյանը գլխավորելու ՀՀԿ ցուցակը, Մուսինյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց. «Վարչական, իրավապահ կեղծարարության համակարգն առավելագույնս մոբիլիզացնելու եւ աշխատեցնելու համար Սերժ Սարգսյանին դրել են ցուցակի գլխին»: Կոնգրեսի անդամ ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքերով` Ս.Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել նախորդ ընտրություններում: «Պատրանք են ստեղծում, թե իրենց ցուցակը գլխավորում է «ձայների բացարձակ մեծամասնություն» ունեցող մարդը: Գեբելսն ասում էր` փոքր սուտը կասկածելի է մարդկանց ականջների համար, մեծ ստին հավատում են միանգամից»,-նշեց Եղիազարյանը:
Այստեղ ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք. ՀՀԿ ցուցակը գլխավորելու են մարդիկ, որոնք հետագայում չեն դառնալու պատգամավոր: Խոսքը ՀՀԿ ցուցակի առաջին եւ երկրորդ համարի մասին է: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով այս երեւույթին, նշեց, որ ժողովուրդը ձայն է տալու մարդկանց, որոնք չեն լինելու իրենց պատգամավորը: «Հասարակությունը Ս.Սարգսյանի օրինակով հասկանալու է, որ ՀՀԿ-ից քչերն են մտնելու խորհրդարան: Հիմա նրանք ո՞ւմ են ընտրելու` կառավարությո՞ւն, նախագա՞հ: Իսկ նրանք անպայման այդ ցանկում դնելու են նախարարների անուններ: Դա նշանակում է, որ հասարակությունից պահանջում են ձայն տալ կառավարությանը, այնինչ մենք պառլամենտ ենք ընտրում»,-ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ հասարակության մի շերտի մոտ կարող է ընտրությունների հանդեպ անտարբերություն առաջանալ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս