ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ
Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, ով մինչ այդ հայտարարել էր թիվ 4 ընտրատարածքում  առաջադրվելու եւ ՀՀԿ-ի կողմից սատարվելու մասին,   Panorama.am-ի տեղեկություններով` չի առաջադրվի:  «Էդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել,-նշել է Երիցյանը` հավելելով,-ուղղակի ես հիմա չեմ ուզում ոչ մի բանի մեջ մտնել, չեմ ուզում էդ կարգի խոսակցության մեջ լինեմ»:

ՉԻ ՆԵՐԻ
Սպանված զինվոր Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, բաց նամակով դիմել է Հայաստանի ոստիկանապետին` պահանջելով պատժել այն ոստիկանին, որը հունվարի 27-ին նախագահի նստավայրի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում  ճմռթել էր զոհված զինվորի լուսանկարը: «Ես ոստիկանին ասացի, որ միգուցե իրեն կներեի ինձ հարվածելու, հրելու համար, բայց երբեք չեմ ների իմ սրբությունը` որդուս` Վալերի Մուրադյանի նկարը անարգելու, անխղճաբար ճմռթելու համար»,-ասված է նամակում:

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` մոր մահվան կապակցությամբ:

ՆՈՐ ՄԱՆԿԱՊԻ՞ՂԾ
«Հետք»-ի տեղեկացմամբ` Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղապետ Ա.Ղուկասյանը, որը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, դասերից մեկի ժամանակ աղջնակին տարել է ինչ-որ առանձին դասասենյակ եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ: Այս դեպքը, պարզվում է, առաջինը չի եղել: Դրանից առաջ էլ նույն աշակերտի հետ առանձնանալու դեպքերն էլ հենց հարուցել են նրա համադասարանցի աղջիկների կասկածը, որոնցից ամենահամարձակը հետեւել է գյուղապետ ուսուցչին եւ բացահայտել նրա քստմնելի արարքը: Գյուղապետը հերքել է  դա` պնդելով, որ իրեն շանտաժի են ենթարկում: Բայց հարուցվել է քրեական գործ:  

ԱՆՈՐԱԿ ԱՇԽԱՏԱՆՔ
Երեւանի քաղաքապետարանը մասնագիտական խումբ է ուղարկել Ազատության հրապարակ` ուսումնասիրելու, թե որքանով է հրապարակի կենտրոնում առաջացած ճաքը վտանգավոր այնտեղ զբոսնող քաղաքացիների համար: Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ այդտեղ շահագործման հանձնվեց ստորգետնյա ավտոկայանատեղին:

ՄԵՐԺԵԼ ԵՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայկ Բաբուխանյանի պահանջն ընդդեմ  լրագրող Էդիկ Անդրեասյանի եւ report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի: Բաբուխանյանը որպես փոխհատուցում վերջիններից պահանջում էր  6 միլիոն ՀՀ դրամ:  

ԿԱՆԽԵԼ ԵՆ
Ուկրաինայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը: Ավազակախմբի 2 անդամները գտնվել են միջազգային հետախուզման մեջ եւ ձերբակալվել Օդեսայում` տարվա սկզբին: Դատելով գտնված ապացույցներից եւ հանցագործների ցուցմունքներից` մինչ Մոսկվայի պայթյունները մնացել էին հաշված շաբաթներ: Ահաբեկչությունները պատրաստվում էին իրագործել նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ
ՀՅԴ  Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը  խոստովանել է, որ պարբերաբար անձնական հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա նշել է, որ  նախկին եւ ներկա նախագահների հետ  ճանապարհ է անցել, եւ ճիշտ չէ քաղաքական հայացքների պատճառով բացառել անձնական շփումները:  Մարգարյանը նաեւ ասել է. «Բոլոր քաղաքական գործիչներն էլ իրար հանդիպում են, նախագահի հետ հանդիպում են, պարզապես չեն խոստովանում»:




Լրահոս