ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ «ԱՆԻ ՊԼԱԶԱՅՈՒՄ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցությունը սույն թվականի հունիսի 28-ին «Անի Պլազա» հյուրանոցում կանցկացնի իր 10-րդ համագումարը: Ի դեպ հետաքրքիր է, թե հոբելյանական թիվ համարվող համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպիսի դարակազմիկ ելույթով հանդես կգա:

ԳԵՐԻՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԳՐԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ

Armlur.am-ը օրերս հայտնել էր, որ հակառակորդի պահպանության գոտու տակ գտնվող ՀՀ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը նամակ էր ուղարկել հարազատներին, որի միջից Կարմիր Խաչը տողեր էր ջնջել: Այս առիթով Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԿԽՄԿ-ի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունուց. «Ռազմագերու իրավունքների մեջ է մտնում նամակներ ստանալն ու ուղարկելը: Այդ նամակների միջոցով ռազմագերին կապ է պահում իր ընտանիքի անդամների հետ: Սակայն նամակները երբեւէ չպետք է պարունակեն որեւէ ինֆորմացիա անձնականից դուրս: Եթե լինում են նման դեպքեր, Կարմիր Խաչի 3-րդ կոնվենցիայի 71-րդ հոդվածը թույլ է տալիս խմբագրել ռազմագերու նամակները: Հակառակ դեպքում՝ կվնասվի Կարմիր Խաչի ֆունկցիան՝ որպես անաչառ ու թափանցիկ աշխատող կողմի»,- պարզաբանեց Ամատունին: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ նամակը գրելու պահին գերու մոտ մշտապես ներկա են լինում պատվիրակներ, ովքեր պահանջվող ենթատեքստից դուրս ինֆորմացիա նկատելու դեպքում պահանջում են նամակը նորից գրել առանց վերոնշյալի: Ինջիղուլյանի դեպքում, սակայն, պատվիրակը ռուսախոս է եղել եւ նամակն, ըստ այդմ, խմբագրվել է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով, 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

ՀՐԱԺԵՇՏ

Կոնդի ՍԲ Հովհաննես եկեղեցում երեկ տեղի ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, «Հայք» թերթի առաջին խմբագիր Սամվել Գեւորգյանի հոգեհանգիստը: Նրան վերջին հրաժեշտը տալու համար ՍԲ Հովհաննես եկեղեցի էին եկել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, «Ղարաբաղ» կոմիտեի ընկերները՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ: Այնտեղ էին անգամ ՀՀԿ-ականները՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ միասին: Նշենք, որ Գեւորգյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում: Երեկ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը: «Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմը ցավակցում է Գեւորգյանների ընտանիքին:




Լրահոս