ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք Քառյակում չենք քննարկել այս հարցը, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում բոլորիս անունից հայտարարել՝ եթե իրենք կընդունեն մեր բոլոր 12 կետերը, մենք պատրաստ ենք հրաժարվել «պահանջում ենք» բառից»:

Աղվան Վարդանյան «Առավոտ»

Եթե ՀՀԿ-ն ընդունի «հրաշալի քառյակ»-ի 12 կետերը, այդ դեպքում կոնկրետ ՀՅԴ-ն հնարավոր է՝ ոչ միայն հրաժարվի «պահանջել» բառից, այլ նաեւ հրաժարվի ընդդիմադիր կեցվածքից, որովհետեւ ՀՅԴ-ի մոտ «կողմ ըլլալով դեմ ըլլալը» շատ լավ է ստացվում: Նախկինում էլ ՀՅԴ-ն կոալիցիայում իրեն վատ չէր զգում, ինչպես նաեւ իրեն վատ չէր զգում խոսքերի հեղինակ, ՀՅԴ-ական պատգամավորը սոցապ նախարարի պաշտոնում: Ժամանակին էլ հայ-թուրքական արձանագրությունների մասով ՀՅԴ-ն 7 կետ էր ներկայացրել, որոնք ՀՀԿ-ի կողմից ընդունվելու դեպքում դժվար թե ՀՅԴ-ն այսօր Քառյակում լիներ:

 

«Մասնավորապես, տարածքում աշխատող աշխատակիցներից ոմանք բարեգործական երեկոյի ավարտից հետո հագնված են եղել ոչ պատշաճ կերպով, եւ կապալառուի կողմից արվել են համապատասխան եզրակացություններ»:

Ռուբեն Վարդանյան «Մեդիամաքս»

Ընդամենն այսքա՞նը որպես արդարացում: Իսկ, օրինակ, տարածք մտնել ցանկացող այցելուներին կոպտող ռուսալեզու, ոչ հայկական արտաքինով երիտասարդների կողմից ոչ պատշաճ վարք դրսեւորելու մասին ինչո՞ւ չի ուզում խոսել ռուսահայ մեծահարուստ իշխանասեր գործարարը: Թե՞ «Տրոյկա դիալոգ»-ի «փարթի»-ն անցկացնելու համար Հայաստանում այլ վայր չկար եւ պարտադիր էր սրբավայրերը դարձնել խրախճանքի վայր: Իսկ իրենց կողմից արված՝ «համապատասխան եզրակացությունները» որեւէ արժեք չունեն, քանի որ իրողությունն արդեն եղած է, եւ այդ արատավոր երեւույթը կարող է շարունակական բնույթի վերածվել:

 

«Հայաստանի ատոմակայանը 0 տոկոս շահութաբերություն ունի եւ 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություն է: Երեւանի ՋԷԿ-ը նույնպես 0 տոկոս շահութաբերություն ունի, այստեղ հետգնման մեխանիզմ ունենալը տրամաբանության մեջ չէ»:

Ռոբերտ Նազարյան Armlur.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի այս միտքը մի փոքր հատվածն է նախօրեին նրա անիմաստ արդարացումների, որոնք նա գործի էր դրել՝ պաշտպանելու էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման մասին որոշումը: Սակայն Ռ. Նազարյանի արդարացումներն այն աստիճանի անհամոզիչ եւ անհոդաբաշխ էին, որ շարժեցին նույնիսկ մի շարք ՀՀԿ-ականների զայրույթը, եւ վերջիններս դեմ արտահայտվեցին այդ չարաբաստիկ որոշմանը: Եվ, վերջիվերջո, եթե նույնիսկ նշված հիմնարկները շահույթ չունեն, ինչը խիստ կասկածելի է, ինչո՞ւ պետք է ժողովուրդն իր գրպանից փոխհատուցի նրանց կրած վնասները:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս