ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՎ

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին: Հանդիպման ընթացքում համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչպես է ոստիկանությունը համագործակցում քաղաքացիական հասարակության հետ: Բացի դրանից, ԵԽԽՎ համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչպես են լուծվում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման շարժընթացը, անմեղության կանխավարկածի պահպանման խնդիրը հետաքննության եւ նախաքննության փուլում, ընտանեկան բռնությունների հակազդման, ոստիկանության գործունեության հանրային վերահսկողության խնդիրները:

ԵՐԹ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՖՐԻԿՅԱՆՆԵՐԻ

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները երեկ բողոքի խաղաղ երթ անցկացրեցին Երեւանում։ Մոտ 100 քաղաքացիներ բարձրախոսով ու թմբուկներով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով եւ մարդկանց կոչ արեցին միանալ իրենց եւ պայքարել, որպեսզի ԱՖրիկյանների շենքը, որն ունի մոտ 130 տարվա պատմություն, չապամոնտաժվի: Խաղաղ երթի մասնակիցները շրջում էին շապիկներով, որոնց վրա գրված էր «Պահպանենք Աֆրիկյանների շենքը» եւ պարզել էին պաստառներ՝ «Մի քանդեք մեր քաղաքը», «Մի ոչնչացրեք մեր հուշարձանը», «ՍՈՍ» գրություններով: Նշենք, որ իրազեկման երթերը շարունակական են լինելու, եւ այսօր էլ ակտիվիստները շենքի մոտ պատրաստվում են կինոդիտում կազմակերպել: Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում:




Լրահոս