«ԴԵՄ ԵՄ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ Ազգային ժողովի` Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ հավաքվել եւ «ամոթ» վանկարկումներով ուղեկցում էին Սերժ Սարգսյանի շարասյանը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» թիմի անդամները հավաքվել եւ իրենց բողոքն էին արտահայտում ԱԺ-ում կուտակային կենսաթոշակի մասին Կառավարության ներկայացրած նոր նախագծի դեմ: «Կառավարությունը ընդունեց որոշում, որով օրինագիծ է ներկայացվում կուտակային կենսաթոշակների հետ կապված, տրված էր ժամանակ, որպեսզի կառավարությունը շտկեր հակասահմանադրական դրույթները, եւ առանց շտկումների կառավարությունն այսօր փորձում է անցկացնել այդ նախագիծը, ընդ որում՝ շուտափույթ, որովհետեւ տեղի չեն ունեցել հանրային քննարկումներ, նախագիծը չի ներկայացվել Քառյակին, այլ միանգամից կառավարությունը որոշել է եւ այն դրել է քննարկման ԱԺ-ում»,- ասել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը, ում խոսքով՝ իրենք դեմ են նման մոտեցմանը եւ շարունակելու են այնքան բողոքել, մինչեւ կառավարությունը փոխի իր գործելաոճը:
Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով՝ երեկ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեին մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ՝ մասնավորապես «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ եւս մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ:
Նշենք, որ հավաքվածներն իրենց հետ բերել էին պաստառ, որտեղ գրված էր Սահմանադրության 14.1 հոդվածը, որը սահմանում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Ի դեպ, ԱԺ-ի առջեւ մեծ թվով ոստիկաններ կային:

Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս